Ո՞վ է մեղավոր
Աջակցիր «Ա1+»-ինՇիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Շիրակացի փողոցի 101/033 տնակի գործով հերթական դատական նիստը:
Հիշեցնենք, որ 2008 թվականի հունիսի 18-ին հարեւանությամբ կառուցվող շինության պատը փլվել էր տնակի վրա՝ խլելով երեք մարդու կյանք: Նիստի ընթացքում առաջադրված հարցերին են պատասխանել շինարարության աշխղեկը, կռունկավարը եւ Քաղաքաշինության պետական տեսչության երկու աշխատակից, ովքեր հանդիսանում են այս գործով ամբաստանյալներ: Մեղադրանքի համաձայն աշխղեկ Ավետիք Եղոյանին սպառնում է տասը, մյուս ամբաստանյալներին՝ հինգ տարվա ազատազրկում:
Դատավորի հրահանգով նիստը չթույլատրվեց նկարահանել: Նախ հարցերին պատասխանեց աշխղեկ Ավետիք Եղոյանը: Դեպքի պահին նա չի եղել շինհրապարակում՝ իր պարտականությունները հանձնելով փոխարինողին: Պետական մեղադրողը ցանկացավ իմանալ, արդյոք պայմանագիր կնքվե՞լ է տնակի բնակիչների հետ, որ աշխատանքների ժամերին այնտեղ մարդ չպետք է լինի: Աշխղեկը պատասխանեց, որ ինքը տեղյակ չէ, եւ հարցին հավանաբար կարող է պատասխանել ՙԱնկյուն՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որն էլ իրականացնում է շինարարությունը:
Գյումրիի քաղաքապետարանն ընկերությանն տարածքը տրամադրել է որպես ազատ, սակայն ընկերության անդամները տեսնելով բնակելի տնակը, բազմիցս զգուշացրել են բնակիչներին՝ հեռանալ տարածքից: Այնուհետեւ հարցեր առաջադրվեցին կռունկավար Արտաշես Առաքելյանին: Նա հերքեց այն փաստարկը, թե կռունկն է դիպել պատին եւ փլուզել, քանի որ այն պատից բավականին հեռու է եղել: ՙՊատն ամուր չի եղել, չկային մետաղացանցերը, որոնց վրա պետք է հենվեր այն եւ փողոցով անցնող ավտոմեքենաների դղրդոցից փլվել է՚, - կարծում է կռունկավարը:
Մեղադրանքի մեջ նշված է նաեւ, որ դեպքը պատահել է քաղաքաշինական պետական տեսչության աշխատակիցներ Հրայր Առաքելյանի ու Ստյոպա Սահակյանի՝ նոյեմբերից հունիս կատարած անբարեխիղճ աշխատանքի պատճառով, ովքեր հետազոտել են կառուցվող շինությունը: Սակայն տեսուչները պնդեցին, որ իրենք տարեկան ստուգումները կատարել են 2007-ի նոյեմբեր ամսին, երբ դեռ շինության միայն նկուղային հարկն էր կառուցված եւ իրենց էլ հավաստիացրել են, թե տնակը շուտով հանվելու է շինհրապարակից: Իրենք նկատել են որոշ թերություններ, ցուցմունք տվել՝ հինգ օրում շտկել դրանք, ինչը կատարվել է ժամանակին: Իսկ դեպքը պատահել է իրենց ստուգումից կես տարի անց, եւ այդ ընթացքում իրենց պարտականությունների մեջ չի եղել հետեւել շինաշխատանքներին: Տուժողների իրավահաջորդները նշեցին, որ քաղաքապետարանի համապատասխան բաժինը պետք է չթույլատրեր աշխատանքներ սկսել, քանի դեռ տնակը գտնվում էր վտանգավոր տեղում: Դատարանը հաջորդ նիստը նշանակեց մայիսի 22-ին:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ