Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատմական օր ծանրամարտի համար

Սպորտ

Ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը արդեն Թայլանդի Չանգ Մայ քաղաքում է, որտեղ այսօր տեղի կունենա պատանիների աշխարհի առաջին առաջնության բացման արարողությունը:

Վաղվանից Հայաստանի 8 ներկայացուցիչներ պայքարելու են 2010 թ. Սինգապուրում կայանալիք առաջին պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրերի համար:

«Սա պատմական պահ է ծանրամարտի, ինչպես նաեւ Թայլանդի համար: Սա շատ կարեւոր իրադարձություն է միջազգային օրացույցում: Փորձություն, որտեղ ուժերը չափելու են 13-17 տարեկան ծանրորդները»,-ասել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Թամաշ Այանը:

Հայաստանի հավաքականի կազմում ասպարեզ դուրս կգան 50 կգ Վարդան Միլիտոսյանը, 56 կգ Սմբատ Մարգարյանը, 62 կգ Վլադիկ Կարապետյանը, 69 կգ Ռաֆիկ Մելիքյանը, 77 կգ Արեն Ներսիսյանը, 85 կգ Ազատ Սարգսյանը, 94 կգ-ից բարձր Հրաչ Դարիբյանը եւ Միշա Մուրադյանը:

Հայ մարզիկները պետք է պայքարեն թիմային պայքարում բարձր հորիզոնականում հայտնվելու համար: 1-9-րդ տեղերը զբաղեցնելու դեպքում Հայաստանը կնվաճի պատանեկան օլիմպիական խաղերի 2 ուղեգիր, իսկ 10-16-րդ հորիզոնականների դեպքում` 1 ուղեգիր:

Վաղը պայքարի մեջ կմտնեն 44, 50 եւ 56 կգ քաշային ծանրորդները: 44 քաշային կարգում Հայաստանը ներկայացուցիչ չունի, իսկ ահա 50 կգ քաշային կարգում սպասելիքները մեծ են Վարդան Միլիտոսյանից` 1992 թ. օլիմպիական խաղերի չեմպիոն Իսրայել Միլիտոսյանի որդուց: Մեդալի ռեալ հավակնորդ է նաեւ 56 կգ Սմբատ Մարգարյանը, որը վաղը ասպարեզ դուրս կգա ավելի ուշ: Մարգարյանը 2 անգամ մեդալի է արժանացել Եվրոպայի պատանեկան առաջնություններում: