Բաթումիից Սոֆիա, ապա` Անթալիա
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Սոֆիայում մեկնարկում է նետաձգության Եվրոպայի Գրան-պրիի 2009 թ. խաղարկության 2-րդ փուլը: Մրցաշարում ներկայացուցիչներ կունենա նաեւ Հայաստանը:
Հայաստանի հավաքականը Բորիս Վասիլյանի գլխավորությամբ Սոֆիա է ժամանել Բաթումիից: Հայ 3 նետաձիգներ մեկնել էին Վրաստան անցկացնելու ուսումնամարզական հավաք: Բացի այդ Բաթումիում Հայաստանը մասնակցել է միջազգային ստուգողական մրցաշարի, ապա ուղեւորվել Բուլղարիա:
Գրան պրի խաղարկությանը յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ներկայացնելու առավելագույնը 6 մարզիկ, սակայն ֆինանսական սուղ հնարավորությունների պատճառով Հայաստանը 3-հոգանոց հավաքականով է ներկայացել խաղարկությանը:
Ըստ Բուլղարիայի մրցաշարի կազմակերպիչների Գրան-պրի խաղարկության մասնակիցները Սոֆիայում պետք է բնակվեն առնվազն 6 օր, ինչի համար յուրաքանչյուր մասնակիցի համար անհրաժեշտ է 420 եվրո:
Ինչեւէ, Հայաստանը թերի կազմով է ներկայացել Գրան-պրի խաղարկության, իսկ Բուլղարիայից հայ մարզիկները կուղեւորվեն Թուրքիայի առողջարանային Անթալիա քաղաք: Այստեղ մայիսի հունիսի 1-ից 8-ը կայանալու է աշխարհի գավաթի խաղարկության 3-րդ փուլը, ինչպես նաեւ Եվրոպայի Գրան-պրիի խաղարկության 3-րդ փուլը:
Հաջորդ խոշոր մրցաշարը, որին նախատեսվում է հայ մարզիկների մասնակցությունը, 2009 թ. Ունիվերսիադան է, որը կայանալու է հուլիսին Բելգրադում: Նետաձգության մրցումները ունիվերսիադայում կայանալու են հուլիսի 2-6-ը:
Իսկ հուլիսի 12-19-ը ԱՄՆ-ում կկայանա նետաձգության 2009 թ. երիտասարդական առաջնությունը: Հայաստանի երիտասարդական հավաքականը ամենայն հավանականությամբ չի մեկնի Միացյալ Նահանգներ:
Ավելացնենք, որ 2010 թ. Եվրոպայի Գրան-պրի խաղարկության 2-րդ փուլը նախատեսված է անցկացնել Երեւանում: