Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վեցից մեկը

Սպորտ

Անթալիայում ավարտված երիտասարդների ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում Հայաստանը արժանացել է մեկ բրոնզե մեդալի: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Բազմասեր Առաքելյանը:

Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված 6 ըմբիշներից մրցանակային տեղ է գրավել միայն 50 կգ քաշային Մաթեւոս Դավթյանը, որը 2007 թ. Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող է, իսկ այժմ ելույթ է ունենում երիտասարդների պայքարում:

Իսկ Հայաստանի ազատ ոճի ազգային հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում Մախաչկալայում: Արայիկ Բաղդադյանի սաները Դաղստանի մայրաքաղաքում մայիսի 23-26-ը կմասնակցեն միջազգային մրցաշարի:

Բազմասեր Առաքելյանը տեղեկացրեց նաեւ, որ ներկայումս ըմբշամարտի ֆեդերացիան պատրաստվում է մայիսի 29-ին մեկնարկելիք Լեւոն Ջուլֆալակյանի անվան ավանդական երիտասարդական մրցաշարին: Երեւանի «Դինամո» մարզահամալիրում կայանալիք միջազգային մրցաշարի մասնակիցների վերջնական ցանկը դեռ հայտնի չէ:

Հավանական է, որ օլիմպիական խաղերի նախկին չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի մրցաշարին Ռուսաստանի երիտասարդական հավաքականը մասնակցի մարտական կազմով: Իրանը եւս պատրաստակամություն է հայտնել ժամանել Երեւան: