Ֆուտբոլիստների թիվը սահմանափակ է
Աջակցիր «Ա1+»-ին«Անհաջողությունների հիմնական պատճառը մեր ունեցած կադրային խնդիրներն էին: Բացակայում էին հիմնական կազմի 3 խաղացողներ, որոնց բացակայությունը զգացնել տվեց»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Սամվել Ադամյանը:
Աբովյանում կայացած միջազգային մրցաշարում Հայաստանը 0:3 հաշվով զիջեց Էստոնիային, ապա 0:2 հաշվով' Ղազախստանին եւ 3 թիմերի պայքարում հանգրվանեց վերջին հորիզոնականում: Առաջին անգամ հանդես գալով սեփական հարկի տակ' հայ ֆուտբոլիստուհիները բավական անհաջող հանդես եկան ոչ ուժեղ հավաքականների հետ պայքարում:
«Ներկայումս Հայաստանում կին ֆուտբոլիստների թիվը բավական սահմանափակ է: Նման իրավիճակում էլ մեր 3 հիմնական կազմի խաղացողներ բացակայում էին: Նրանցից Նելլի Ստեփանյանը դարձել է ՈՒԵՖԱ-ի մրցավար, ուստի չի կարող այլեւս դուրս գալ խաղադաշտ, իսկ մյուս 2-ը հանդես են գալիս Լիբանանում եւ մեզ համար անհայտ պատճառներով այդպես էլ չժամանեցին»,-նշեց հավաքականի գլխավոր մարզիչը:
Սամվել Ադամյանը հավաստիացրեց, որ Հայաստանը բավական լուրջ էր մոտեցել մրցաշարին, անցկացրել ծանրաբեռնված մարզումներ: Մարզչի կարծիքով առաջին խաղում կրած խոշոր հաշվով պարտությունը հոգեբանական մեծ ազդեցություն ունեցավ. «Աղջիկները չհավատացին իրենց ուժերին 2-րդ խաղում: Բացի այդ պահեստայինների նստարանն էր կարճ: Կարծիքներ են հնչում, թե մենք ֆիզիկապես պատրաստ չէինք, սակայն դա այդպես չէ, քանի որ պատրաստվել էինք: Բայց այսօր չունենք ֆուտբոլիստուհիներ, որոնք կարող են փոխարինել հիմնական կազմի խաղացողներին»:
Գլխավոր մարզչի կարծիքով պարտությունները ուսանելի են հավաքականի համար, որը աշնանը պետք է մասնակցի աշխարհի առաջնության ընտրական փուլին. «Մենք 3 ամսից ավել ժամանակ ունենք ընտրական փուլին նախապատրաստվելու համար, եւ այս մրցաշարը լավ առիթ էր մեզ փորձ ձեռք բերելու համար: Մեզ ծանր մրցակիցներ են բաժին հասել, սակայն ճիշտ աշխատանքի շնորհիվ փորձելու ենք լավ հանդես գալ: Կարեւոր է նաեւ, որ մարտական կազմով ելույթ ունենանք ընտրական փուլում»: