3 մեդալ Միլանից
Աջակցիր «Ա1+»-ինԻտալիայի Միլան քաղաքում ավարտվեց սամբոյի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները, որին մասնակցեց նաեւ Հայաստանի հավաքականը:
62 կգ քաշայինների պայքարում Վահան Հովհաննիսյանը, հաղթելով լիտվացի մրցակցին, դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ առավելության հասավ Ադրբեջանի ներկայացուցիչ Յաշար Աբասովի նկատմամբ: Կիսաեզրափակիչում Հովհաննիսյանը զիջեց վրացի Դավիթ Սիմոնիշվիլիին: 3-րդ տեղի համար մրցամարտում Վահանը հաղթեց ֆրանսիացի Անտոնի Լոբրեչին եւ դարձավ բրոնզե մեդալակիր:
Բրոնզե մեդալի արժանացավ նաեւ 68 կգ քաշային Դավիթ Խաչատրյանը: Վերջինս առաջին մրցամարտում պարտվեց Ադրբեջանը ներկայացնող Թարլան Քարիմովին: Ադրբեջանին դուրս եկավ եզրափակիչ, ուստի Խաչատրյանը իրավունք ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար եւ հասավ հաջողության: Վճռորոշ մրցամարտում Դավիթ Խաչատրյանը հաղթեց բուլղարացի Ստեփան Շոպովին:
57 կգ քաշայինների պայքարում 23-ամյա Վահան Վարդանյանը պարտվեց ադրբեջանցի Իսլամ Ղաշիմովին: Այս քաշային կարգում արծաթե մեդալի արժանացավ Ռուսաստանը ներկայացնող հայ սամբիստ Արմեն Բիձհոսյանը:
Բավական անհաջող հանդես եկավ Եվրոպայի չեմպիոն Աշոտ Դանիելյանը, որը 74 կգ քաշայինների պայքարում պարտվեց առաջին իսկ մրցամարտում եւ դուրս մնաց հետագա պայքարից:Առաջին մրցամարտում պարտվեց նաեւ 82 կգ Լեւոն Պապոյանը, որը զիջեց լատվիացի Մարտինիս Լուկինին:
90 կգ քաշայինների պայքարում Արթուր Իսպիրյանը պարտվեց վրացի Մինդիա Բոդավելիին եւ դուրս մնաց հետա պայքարից:100 կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացնող Արայիկ Սահակյանը քառորդ եզրափակիչում պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Արտյոմ Օսիպենկոյին: Հայաստանը անհաջողության մատնվեց նաեւ 100-ից բարձր գերծանր քաշային կարգում, որտեղ Արսեն Գրիգորյանը պարտվեց Բելառուսի ներկայացուցիչ Յուրի Ռիբակին:
Կանանց պայքարում բրոնզե մեդալի արժանացավ 48 կգ քաշային Ժաննա Վարդանյանը: Այս քաշային կարգում պայքարի մեջ մտան ընդամենը 6 մարզուհիներ:
Կայացավ նաեւ մարտական սամբոյ Եվրոպայի առաջնությունը, որտեղ բրոնզե մեդալի արժանացավ միայն 68 կգ Վաչիկ Վարդանյանը: