Զեբելյանը' լավագույն ռմբարկու
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի առաջնության 9-րդ տուրում մերձմոսկովյան «Խիմկին» 1:1 հաշվով ավարտեց «Մոսկվայի» հետ հանդիպումը: Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին կրկին «Խիմկիի» հիմնական կազմում էր, իսկ Բարսեղ Կիրակոսյանը ընդգրկված էր պահեստայինների կազմում: «Խիմկին» 4 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը:
Ռուսաստանի 2-րդ դիվիզիոնի հարավային գոտում արդյունավետ խաղ է ցուցադրում Ռոբերտ Զեբելյանը: Հայաստանի հավաքականի հարձակվողը Սոչիի «Ժեմչուժինայի» կազմում 2 գնդակ է ուղարկել Դոնի Ռոստոսվի ԲՄԱ-ի դարպասը: Զեբելյանի թիմը հաղթել է 4:0 հաշվով եւ 22 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Զեբելյանը 8 գնդակով գլխավորում է ռմբարկուների ցուցակը:
Ուկրաինայի առաջնության 28-րդ տուրից հետո Դոնեցկի «Մետալուրգը» գործնականում ապահովեց 4-րդ հորիզոնականը, որը Նիկոլայ Կոստովի սաներին թույլ կտա ամռանը ելույթ ունենալ Եվրոպայի լիգայի խաղարկությունում: 28-րդ տուրում «Մետալուրգը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասավ «Վորսկլայի» նկատմամբ: Արարատ Առաքելյանը կրկին բացակայում էր «Մետալուրգի» կազմից:
Դանիայի առաջնության 31-րդ տուրում վերջապես խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը: Վերջինիս ակումբը' «Ռանդերսը», սեփական հարկի տակ 1:1 հաշվով ավարտեց «Արխուսի» հետ մրցավեճը: Արզումանյանը փոխարինման դուրս եկավ 70-րդ րոպեին եւ 10 րոպե անց արժանացավ դեղին քարտի: Առաջնության ավարտից 2 տուր առաջ «Ռանդերսը» ընթանում է 5-րդ հորիզոնականում:
Բելառուսի առաջնության 8-րդ տուրում ԲԱՏԵ-ն առաջին միավորները կորցրեց: Չեմպիոնը 1:1 հաշվով ավարտեց «Գրանտիի» հետ մրցավեճը: Հովհաննես Գոհարյանը փոխարինման դուրս եկավ 78-րդ րոպեին եւ 2 րոպե անց կարող էր գրավել հյուրերի դարպասը, սակայն հարվածը դիպուկ չստացվեց: 4 րոպե է անց Գոհարյանը արժանացավ դեղին քարտի: ԲԱՏԵ-ն 22 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Նորվեգիայի առաջնության 9-րդ տուրում Լեւոն Պաչաջյանի «Ֆրեդրիկստադը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց «Վալերենգային»: Պաչաջյանը կրկին բացակայում էր հիմնական կազմում:
Ռումինիայի առաջնության 31-րդ տուրում Արման եւ Արտավազդ Քարամյանների «Տիմիշոարան» հյուրընկալվելիս 1:3 հաշվով պարտվեց Բուխարեստի «Դինամոյին» եւ զրկվեց չեմպիոն դառնալու հնարավորությունից: Քարամյանները հանդիպմանը չեն մասնակցել: Առաջնության ավարտից 3 տուր առաջ «Տիմիշոարան» 58 միավորով եզրափակում է լավագույն եռյակը: