Խոշոր հաշիվ կենտրոնական խաղում
Աջակցիր «Ա1+»-ին8-րդ տուրի հանդիպումներով մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի առաջնության 2-րդ շրջանը, որի կենտրոնական խաղում գրանցվեց խոշոր հաշիվ:
2-րդ հորիզոնականում ընթացող «Բանանցը» հյուրընկալել էր առաջատար «Փյունիկին»: Մրցաշարային աղյուսակի առաջին 2 տեղերում գտնվող թիմերի մրցավեճի ելքը վճռվեց արդեն 32-րդ րոպեին, երբ «Փյունիկի» կիսապաշտպան Էդգար Մալաքյանը 3-րդ անպատասխան գնդակ ուղարկեց «Բանանցի» դարպասը: Նախքան այդ 2 անգամ աչքի էր ընկել Հենրիխ Մխիթարյանը: 58-րդ րոպեին Արտակ Դաշյանին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, սակայն մոտ 10 րոպե անց Հենրիխ Մխիթարյանը վերականգնեց 3 գնդակի տարբերությունը: «Փյունիկը» հաղթեց 4:1 հաշվով եւ 22 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
18 միավորով 2-րդ տեղում է «Բանանցը», իսկ լավագույն եռյակը 17 միավորով եզրափակում է «Միկան»: Վերջինս այս տուրում 2:0 հաշվով առավելության հասավ Կապանի «Գանձասարի» նկատմամբ: «Միկայի» կազմում աչքի ընկան Արամ Ոսկանյանը եւ Ստեփան Հակոբյանը:
Հերթական պարտությունը կրեց Երեւանի «Արարատը», որը սեփական հարկի տակ 1:3 հաշվով զիջեց Գյումրիի «Շիրակին»: Արդեն 9-րդ րոպեին Սերգեյ Էրզրումյանը առաջ մղեց «Արարատին»' խփելով իր թիմի առաջին գնդակը ընթացիկ առաջնությունում: Սակայն «Շիրակի» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Անդրանիկ Բարիկյանը, որի շնորհիվ էլ գյումրեցիները կամային հաղթանակ տոնեցին:
«Ուլիսը» Հրայր Մկոյանի միակ գոլի շնորհիվ 1:0 հաշվով պարտության մատնեց «Կիլիկիային» եւ 16 միավորով ամրապնդվեց 4-րդ հորիզոնականում:
Ռմբարկուների պայքարում առաջատարը կրկին Հենրիխ Մխիթարյանն է: Հայաստանի հավաքականի եւ «Փյունիկի» խաղացողը արդեն 9 գնդակ է ուղարկել մրցակիցների դարպասը: 5-ական գոլ են խփել «Միկայի» կոտդիվուարցի լեգեոներ Բոտի Դեմելը եւ «Շիրակի» առաջատար խաղացող Անդրանիկ Բարիկյանը: