«Արարատը» չի մարել պարտքերը
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Արարատի» ղեկավարները օրերս հայտարարեցին, որ որեւէ պարտք չունեն թիմի նախկին մարզչական շտաբի նկատմամբ: Սակայն «Արարատի» նախկին գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը «Ա1+»-ին հայտնեց, որ անձամբ իրեն ակումբը պարտք է շուրջ 6400 ԱՄՆ դոլար:
Նախորդ մրցաշրջանում «Արարատը» բավական հաջող էր հանդես գալիս: Թիմը նվաճեց Հայաստանի գավաթը, իսկ առաջնությունում արժանացավ արծաթե մեդալների: Յուրաքանչյուր հաղթանակի համար «Արարատի» ֆուտբոլիստները եւ մարզչական շտաբը պետք է ստանաին համապատասխան պարգեւավճարներ:
«2008 թ. օգոստոսի 23-ին «Արարատը» հաղթեց «Բանանցին»: Այս խաղից սկսած մինչեւ տարեվերջ ոչ մի հաղթանակի համար պարգեւատրում մարզչական շտաբը եւ բժիշկները չեն ստացել»,-ասաց Վարուժան Սուքիասյանը:
«Արարատի» ներկայիս գլխավոր մարզիչ եւ ակումբի փոխնախագահ Արկադի Անդրեասյանը հայտարարել էր, որ նախկին մարզիչները հանդիպումների ժամանակ կարմիր քարտերի են արժանացել, որի համար ակումբը ֆեդերացիային խոշոր տուգանքներ է մուծել: Անդրեասյանի հավաստմամբ հենց այս պատճառով էլ պարգեւավճարները չեն տրվել:
Իսկ ահա Վարուժան Սուքիասյանը այլ կարծիքի է. «Երբ ինձ կարմիր քարտ են ցույց տվել, «Արարատը» դրա համար 150 հազար դրամ է մուծել ֆեդերացիային: Մինչդեռ ակումբը ինձ պարտք է շուրջ 6400 ԱՄՆ դոլար: Թող 150 հազար դրամը պահեն, իսկ մնացածը վճարեն: Ես չեմ ցանկանում իջնել նրանց մակարդակին եւ խոսել այլ մանրամասների մասին, պարզապես փաստ է, որ նախկին մարզչական շտաբը չի ստացել իր հասանելիք գումարները»:
Ներկայումս Վարուժան Սուքիասյանը հանդիսանում է Դիլիջանի «Իմպուլսի» փոխնախագահը եւ համակարգում է մարզչական շտաբի աշխատանքները: Խոսելով «Իմպուլսի» առաջին խմբում ունեցած ելույթների մասին' Վարուժան Սուքիասյանը ասաց. «Երեկ 5-րդ տուր հանդիպումը անցկացրինք ընթացիկ առաջնությունում եւ 4:0 հաշվով առավելության հասանք «Բանանց-3»-ի նկատմամբ: Շատ լուրջ սելեկցիոն աշխատանքներ ենք սկսել եւ հաջորդ տարի «Իմպուլսը» արդեն իր խոսքը կասի բարձրագույն խմբի առաջնությունում»: