Միայն ֆուտբոլային հաշիվներ
Աջակցիր «Ա1+»-ինԱվարտվեց Հայաստանի 2009 թ. բարձրագույն խմբի առաջնության առաջին շրջանը, որի ընթացքին անդրադարձել ենք հանգամանորեն: Այժմ ամփոփենք արդյունքները:
Առաջին շրջանը ցույց տվեց, առաջնության ֆավորիտը դարձյալ «Փյունիկն» է, որը նախորդ 8 առաջնությունների անփոփոխ չեմպիոնն է: Նախորդ առաջնության համեմատ «Փյունիկի» կազմը գրեթե չի փոխվել, սակայն երիտասարդ ֆուտբոլիստներով համալրված թիմը սկսել է ավելի գրագետ եւ կայուն խաղ ցուցադրել եւ պատահական չէ, որ 7 խաղերից 6-ում «չոր» հաշվով հաղթանակներ է տոնել:
Նախորդ առաջնությունում չեմպիոնության համար պայքարող «Արարատը» առաջին շրջանում այդպես էլ միավոր չվաստատեց: Արարատցիները նույնիսկ գոլ չեն խփել ընթացիկ առաջնությունում: Ակումբը իր պատմության մեջ դեռ երբեք այսքան անհաջող ելույթ չէր ունեցել եւ արդեն պարզ է, որ «Արարատը» չի պայքարելու մրցանակային տեղերի համար, մինչդեռ նախորդ առաջնության առաջին շրջանից հետո երեւանյան ակումբը գլխավորում էր մրցաշարային աղյուսակը:
Բրոնզե մեդալակիր «Գանձասարը» եւս չփայլեց. առաջին շրջանում անցկացրած 7 խաղերում վաստակեց ընդամենը 4 միավոր: Հենց «Գանձասարում» էլ տեղի ունեցավ առաջին մարզչական փոփոխությունը, երբ ապրիլին աշխատանքից ազատվեց Սամվել Պետրոսյանը: Վերջինիս հեռանալուց հետո կապանցիները առայժմ նոր մարզիչ են փնտրում եւ բավական անորոշ իրավիճակում են շարունակում ելույթները:
Երկակի տպավորություն թողեց «Միկան», որը հաջող մեկնարկից հետո զիջեց դիրքերը, ապա պաշտոնանկ արվեց թիմի խորվաթ գլխավոր մարզիչ Իվո Շուշակը: Արտասահմանցի մասնագետին փոխարինած Սամվել Դարբինյանի գլխավորությամբ «Միկան» առայժմ ավելի լավ տպավորություն է թողնում եւ թվում է կարող է պայքարել չեմպիոնության համար:
Չեմպիոնության հավակնորդների թվին պետք է դասել նաեւ «Բանանցին», որը պարտությամբ սկսելով առաջնությունը' հետագա 6 խաղերում նույնքան հաղթանակ տոնեց: Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ «Բանանցը» նախորդ առաջնության համեմատ լրիվ այլ տեսքով է ներկայացել ընթացիկ մրցաշրջանին:
Հաջող է հանդես գալիս նաեւ «Ուլիսը», որը 13 միավորով ընթանում է 4-րդ հորիզոնականում: Կարճ պատմություն ունեցող այս ակումբը դեռ երբեք այսքան հաջող հանդես չէր եկել առաջնության մեկնարկում:
Ուրախալի է նաեւ, որ Հայաստանի առաջնությունում չի գրանցվել ոչ մի գերխոշոր հաշիվ: Նախկինում քիչ չէին այն հանդիպումները, որոնք ավարտվում էին ոչ ֆուտբոլային հաշիվներով, իսկ ընթացիկ առաջնությունում նման դեպքեր չեն արձանագրվել: Բավական քիչ են նաեւ ոչ-ոքիները: Կայացած 28 խաղերից միայն 3-ում է գրանցվել խաղաղ ելք: