Հավաքականի կազմը փոխվել է
Աջակցիր «Ա1+»-ին«Հայաստանի հավաքականը պատրաստ է եւ ի զորու է մրցել Վրաստանի եւ Իրանի հավաքականների հետ», - «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի հանդբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գեւորգյանը, որի գլխավորությամբ հայ մարզիկները պատրաստվում են մայիսի 18-ին մեկնարկելիք միջազգային մրցաշարին:
Հայաստանի հավաքականը վերջին անգամ պաշտոնական հանդիպում է անցկացրել 2007 թ. աշնանը, երբ Վրաստանում մեր հանդբոլիստները անհաջողության մատնվեցին Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի հավաքականների հետ պայքարում:
Արմեն Գեւորգյանը այն ժամանակ դեռ չէր գլխավորում Հայաստանի հավաքականը եւ դժվարացավ համեմատել ներկայիս հավաքականը նախորդի հետ. «Կարող եմ նշել, որ ներկայիս հավաքականը 90 տոկոսով տարբերվում է նախորդից, քանի որ մեծ թիվ են կազմում երիտասարդները: Հավաքականը կազմված է Երեւանի եւ Վանաձորի թիմերի հանդբոլիստներից: Կան խաղացողներ, որոնք արդեն ունեն միջազգային հանդիպումների փորձ»:
Արմեն Գեւորգյանը հանդիսանում է նաեւ Հայաստանի մյուս տարիքային հավաքականների համակարգողը, ուստի նրանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչ վիճակում է Հայաստանի երիտասարդական հավաքականը, որը եւս հանդես է գալու առաջիկա մրցաշարում. «Երիտասարդական հավաքականի կորիզը կազմում են Երեւանի մարզիկները, որոնց միացել են նաեւ հանդբոլիստներից Գյումրիի եւ Վանաձորից: Նախորդ տարի շուրջ 2 ամիս երիտասարդական հավաքականը հավաք է անցկացրել եւ ունի ներուժ: Այս մրցաշարից հետո պատրաստվում ենք հունիսի 3-6-ը Վրաստանի Քութաիս քաղաքում մասնակցել միջազգային մրցաշարի»:
Արմեն Գեւորգյանը նշեց, որ Հայաստանի երիտասարդական հավաքականը արդեն սպատրաստվում է Եվրոպայի 2010 թ. առաջնության ընտրական հանդիպումներին:
Խոսելով Հայաստանի հավաքականների առաջիկա մրցակիցների` Վրաստանի եւ Իրանի մասին, Արմեն Գեւորգյանը նշեց, որ ստույգ տեղեկություններ մրցակիցների մասին չունի. «Մեր մրցակիցների խաղը չեմ տեսել, ուստի չեմ կարող ասել, թե ինչ մակարդակի թիմեր են: Սակայն տեղյակ եմ, որ Իրանում եւ Վրաստանում հանդբոլը լավ հիմքերի վրա է: Իրանի հավաքականի հայտացուցակում ընդգրկված են մինչեւ 20 տարեկան հանդբոլիստներ, իսկ Վրաստանի հավաքականում կան 5 խաղացողներ, որոնք ելույթ են ունենում եվրոպական թիմերում»: