Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օլիմպիական ուղեգրերի հետեւից

Սպորտ

Մայիսի 18-23-ը ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը կմասնակցի Չինաստանում կայանալիք աշխարհի պատանեկան առաջին առաջնությանը: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը «Ա1+»-ին հայտնեց, որ հավաքականի կազմում մրցավայր են մեկնելու 8 ծանրորդներ:

«Կարեւոր ստուգատես է մեր պատանի ծանրորդների համար, քանի որ աշխարհի առաջնությունում խաղարկվելու են 2010 թ. Սինգապուրում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր: Թիմային պայքարում 1-9-րդ հորիզոնականներում հայտնված հավաքականները կնվաճեն 2 ուղեգիր, իսկ 10-16-րդ հորիզոնականներում հայտնված երկրները` մեկ ուղեգիր»,-նշեց Փաշիկ Ալավերդյանը:

Հայաստանի հավաքականի կազմում ասպարեզ դուրս կգան 50 կգ Վարդան Միլիտոսյանը, 56 կգ Սմբատ Մարգարյանը, 62 կգ Վլադիկ Կարապետյանը, 69 կգ Ռաֆիկ Մելիքյանը, 77 կգ Արեն Ներսիսյանը, 85 կգ Ազատ Սարգսյանը, 94 կգ-ից բարձր Հրաչ Դարիբյանը եւ Միշա Մուրադյանը:

Հավաքականում ընդգրկվել են այն ծանրորդները, որոնք հաջողությամբ են հանդես եկել Հայաստանի պատանեկան հավաքականում: Պատանի ծանրորդներից մի քանիսը արդեն միջազգային մրցաշարերի որոշակի փորձ ունեն: Մասնավորապես 56 կգ Սմբատ Մարգարյանը 2 անգամ դարձել է Եվրոպայի պատանեկան առաջնությունների մրցանակակիր:

Հայաստանը ելույթ կունենա միայն տղամարդկանց պայքարում, իսկ ահա կանանց առաջնությունում այս անգամ ներկայացուցիչ չունեն: Պատճառը այն է, որ այժմ Հայաստանը չէր կարող մարտունակ հավաքական ուղարկել Չինաստան եւ պայքարել մեդալների համար: Վերջին տարիներին կանանց ծանրամարտում Հայաստանը հաջողություններ ունեցել է, սակայն դա չի խթանել, որպեսզի ծանրամարտով զբաղվող աղջիկների թիվը ավելանա: