Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղթեց միայն Ցոլակը

Սպորտ

Չեխական Ուստի Նադ Լաբեմ քաղաքում շարունակվում է բռնցքամարտի միջազգային մրցաշարը, որին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականը: Հայ մարզիկներից արդեն պայքարը թողել են Դերենիկ Գիժլարյանը (54կգ), Արա Պուլուզյանը (60կգ) եւ Սամվել Մաթևոսյանը (69կգ):

Հաջող է հանդես գալիս Եվրոպայի 2009 թ. առաջնության արծաթե մեդալակիր Ցոլակ Անանիկյանը (91կգ), որը, նոկաուտով հաղթելով իր մրցակցին, դուրս եկավ հաջորդ փուլ::

Այսօր ռինգ դուրս կգան Ազատ Հովհաննիսյանը (57կգ), Հրաչիկ Ջավախյանը (64կգ) և Անդրանիկ Հակոբյանը (75կգ): Վաղը պայքարի մեջ կմտնի նաեւ Եվրոպայի չեմպիոն 48կգ քաշային Հովհաննես Դանիելյանը, որը այս անգամ հանդես կգա 51կգ քաշային կարգում, քանի որ այս մրցաշարում իր քաշում մրցակից չունի:

Իսկ Երեւանում շարունակվում են 2009 թ. բնռցքամարտի պատանիների աշխարհի առաջնության նախապատրաստական աշխատանքները: Երեւանում շուտով մեկնարկելիք առաջնությանը հայտ ներկայացրած երկրների ցանկը համալրել է Սերբիան: Մինչ այս նախապես մասնակցության հայտ ներկայացրած Ուելսը պաշտոնապես հրաժարվել էր: Այս փոփոխությունների արդյունքում մասնակից երկրների թիվը շարունակում է մնալ 51:

Միայն Հայաստանը, Թուրքիան, Ուկրաինան, Ռուսաստանը, Հունգարիան, Բելառուսը և Միացյալ Նահանգները, որ պատրաստվում են մրցագոտի դուրս գալ բոլոր 13 քաշային կարգերում էլ: Թայլանդի, Չեխոսլովակիայի, Անգլիայի, Բոթսվանայի, Մոնտենեգրոյի և Վենեսուելայի հավաքականները Երևան կժամանեն մեկական մարզիկով:

Առաջնության օրերին Երևան կժամանեն ԱԻԲԱ նախագահ Չինգ-Կուո Վուն, ԱԻԲԱ գործադիր տնօրեն Հո Կիմը, ԱԻԲԱ փոխնախագահ, Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահ Ֆուրգոնի Հումբերտոն եւ ԱԻԲԱ -ի գործադիր փոխնախագահ Գոֆուր Ռախիմովը, ինչպես նաև ՌԴ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Եվգենի Մուրովը: