Մարզիչը շնորհավորեց մրցակցին
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի "Փյունիկի" եւ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի կարծիքով հայկական ֆուտբոլը լավ ապագա ունի: Երիտասարդ մասնագետը նման եզրակացության է եկել Հայաստանի գավաթի եզրափակիչ "Բանանց"-"Փյունիկ" խաղից հետո:
Վարդան Մինասյանի սաները այս խաղում առավելության էին հասել 1:0 հաշվով' հաղթական գնդակը խփելով վերջին րոպեներին:
"Լավ որակի խաղ ստացվեց: 2 թիմերի կազմերում էլ ընդգրկված էին Հայաստանի տարբեր հավաքական թիմերի թեկնածուներ եւ ուրախալի է, որ նրանց մասնակցությամբ խաղը բավական հաջող ստացվեց",-նշեց Վարդան Մինասյանը:
"Փյունիկը" այս խաղում ուներ մի շարք ռեալ գոլային պահեր, սակայն հաջողության հասավ ընդամենը մեկ անգամ: Մեկնաբանելով այս հանգամանքը' Վարդան Մինասյանը ասաց. "Ես նախկինում էլ ասել եմ, որ մենք համալրման կարիք ունենք եւ թիմը համալրվելու է մի քանի խաղացողներով, այդ թվում հարձակվողով":
Եզրափակիչ խաղը վարեց Իտալիայից հրավիրված մրցավարական բրիգադը, ինչը Մինասյանը համարում է դրական տեղաշարժ. "Ես սովորաբար մրցավարության մասին չեմ խոսում: Պարզապես կարող եմ ասել, որ սա նորություն էր, որին պետք է դրական գնահատական տալ: Խաղացողները ավելի զգոն եւ կարգապահ էին":
"Բանանցի" գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը չնայած իր սաների պարտությանը առանձնապես ընկճված չէր, քանի որ նրա թիմը գավաթի եզրափակիչում հայտնվելով, արդեն իսկ ապահովել էր իր տեղը Եվրագավաթների խաղարկություններում. "Անզիջում պայքար ծավալվեց, ինչը հատուկ էր գավաթային հանդիպումներին: Դիտարժանության առումով խաղը լավագույններից չէր, սակայն գավաթի եզրափակիչ հանդիպումները սովորաբար դիտարժան չեն ստացվում":
Արմեն Գյուլբուդաղյանցը ընդգծեց "Բանանցի" դարպասապահ Ստեփան Ղազարյանի հաջող խաղը. "Նա շատ լավ հանդիպում անցկացրեց: Բայց դա չի նշանակում, որ մենք հրաժարվելու ենք ուկրաինացի Օլեգ Օստապենկոյի ծառայություններից: Մեզ անհրաժեշտ է նաեւ 2-րդ լավ դարպասապահ":