Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օրացույց. Մայիսի 11

Սպորտ

Այսօր ծնվել են

1977-Վոյցեխ Կովալեւսկի (լեհ ֆուտբոլիստ)

Լեհ դարպասապահը կարիերան սկսել է լեհական «Լեգիայում»: 2002 թ. տեղափոխվել է Դոնեցկի «Շախտյոր», որտեղ անցկացնելով 1 մրցաշրջան' 2003 թ. հայտնվեց Մոսկվայի «Սպարտակում»: Ռուսական հեղինակավոր ակումբի կազմում անցկացնելով 4 մրցաշրջան' 2007 թ. վերադարձավ հայրենիք: 2008 թվականից ելույթ է ունենում հունական «Իրակլիսում»: Լեհաստանի հավաքականի կազմում անցկացրել է 10 հանդիպում:

1977-Պաբլո Գարսիա (ուրուգվայցի ֆուտբոլիստ)

Կոպիտ խաղով աչքի ընկնող այս ֆուտբոլիստը հանդես է եկել մի շարք հայտնի թիմերում, այդ թվում' իտալական «Միլանում» եւ Մադրիդի «Ռեալում»: Ներկայումս ելույթ է ունենում հունական ՊԱՕԿ-ում: Ուրուգվայի հավաքականի կազմում անցկացրել է 68 խաղ եւ խփել 3 գնդակ:

1977-Յան Ահոնեն (ֆինն լեռնադահուկորդ)

Ֆինն մարզիկը մեծ հաջողությունների է հասել իր կարիերայի ընթացքում: 2002 եւ 2006 թթ. ձմեռային օլիմպիական խաղերում Ֆինլանդիայի հավաքականի կազմում դարձել է արծաթե մեդալակիր: Աշխարհի առաջնություններում ոսկե մեդալի է արժանացել 5 անգամ:

1979-Գոնսալո Կոլսա (իսպանացի ֆուտբոլիստ)

Ներկայումս Կոլսան հանդես է գալիս իսպանական «Ռասինգում», որտեղ էլ սկսել է ֆուտբոլային կարիերան: Հանդես է եկել նաեւ «Ատլետիկոյում», «Վալյադոլիդում» եւ «Մալյորկայում»:

1984-Անդրես Ինյեստա (իսպանացի ֆուտբոլիստ)

Կատալոնական «Բարսելոնայի» առանցքային ֆուտբոլիստը հերոսացավ մայիսի 6-ին, երբ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ խաղում գեղեցիկ հարվածով գրավեց «Չելսիի» դարպասը եւ դուրս բերեց իր թիմին եզրափակիչ: Իսպանիայի հավաքականի կազմում անցկացրել է 35 խաղ եւ խփել 6 գնդակ:

1986-Միգել Վելոզո (պորտուգալացի ֆուտբոլիստ)

Այս ֆուտբոլիստը առաջին անգամ Պորտուգալիայի հավաքական հրավիրվեց 2007 թ. օգոստոսին, երբ պորտուգալացիները ժամանեցին Երեւան եւ հյուրընկալվեցին Հայաստանի հավաքական: Վերջին 3 տարիներին ելույթ է ունենում Պորտուգալիայի հեղինակավոր թիմերից մեկում' «Սպորտինգում»»

1986-Աբու Դիաբի (ֆրանսիացի ֆուտբոլիստ)

Ֆրանսիայի հավաքականի անդամը 2006 թվականից ելույթ է ունենում Լոնդոնի «Արսենալում»: Նախքան այդ Դիաբին հանդես էր գալիս ֆրանսիական «Օսերում», սակայն «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի նախաձեռնությամբ Դիաբին տեղափոխվեց Լոնդոն:

1989-Ջովանի Դոս Սանթոս (մեքսիկացի ֆուտբոլիստ)

Մեքսիկացի այս ֆուտբոլիստը պատանի հասակում տեղափոխվեց կատալոնական «Բարսելոնայի» մարզադպրոց: Սանթոսի հետ մեծ հույսեր էին կապում, սակայն երիտասարդ ֆուտբոլիստը առայժմ չի արդարացնում սպասելիքները: 2008 թ. տեղափոխվեց Լոնդոնի «Տոտենհեմ», իսկ ներկայումս վարձավճարով հանդես է գալիս անգլիական «Իպսվիչում»: Մեքսիկայի հավաքականի կազմում անցկացրել է 11 խաղ»: