"Փյունիկը" դարձավ գավաթակիր
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի "Փյունիկը" 5 տարվա ընդմիջումից հետո կարողացավ նվաճել ֆուտբոլի Հայաստանի գավաթը: Հայաստանի վերջին 8 տարիների չեմպիոնն այսօր գավաթի եզրափակիչ խաղում 1:0 հաշվով առավելության հասավ "Բանանցի" նկատմամբ:
Եզրափակիչ հանդիպումը կայացավ "Հանրապետական" մարզադաշտում: Խաղի մուտքը ազատ էր, ինչի շնորհիվ շուրջ 8 հազար ֆուտբոլասերներ էին ներկա հանդիպմանը:
Խաղը անցավ հավասար պայքարում, թեեւ "Փյունիկի" գրոհներն ավելի վտանգավոր էին: Խաղը սպասարկող իտալացի մրցավարը 2-րդ կեսում խաղադաշտից հեռացրեց "Փյունիկի" կիսապաշտպան Էդգար Մալաքյանին: Որոշ ժամանակ անց կարմիր քարտի արժանացավ նաեւ "Բանանցի" խաղացող Նոա Կասուլեն:
Թվում էր, թե խաղը կավարտվի 0:0 հաշվով, սակայն մրցավարի ավելացրած ժամանակահատվածի առաջին րոպեին Հենրիխ Մխիթարյանին հաջողվեց գրավել "Բանանցի" դարպասը եւ հաղթանակ պարգեւել իր թիմին:
"Փյունիկը" 4-րդ անգամ իր պատմության մեջ դարձավ Հայաստանի գավաթակիր: Վերջին անգամ "Փյունիկը" գավաթը նվաճել էր 2004 թ.: