Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերջին մարզումները

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի եզրափակիչի մասնակիցներ «Փյունիկը» եւ «Բանանցը» այսօր իրենց վերջին մարզումներն են անցկացնում: 2 թիմերի խաղացողներն էլ «Ա1+»-ի հետ զրույցում նշեցին, որ մեծ ցանկություն ունեն նվաճելու գավաթը եւ ամենայն լրջությամբ են մոտենում հանդիպմանը:

«Վերջին անգամ Հայաստանի գավաթին տիրացել եմ 1998 թ., երբ դեռ հանդես էի գալիս Արարատի «Ցեմենտում»: Դրանից հետո հիմնականում ելույթ եմ ունեցել արտասահմանում եւ հնարավորություն էլ քիչ է եղել մասնակցել Հայաստանի գավաթի եզրափակիչ հանդիպմանը»,-նշեց Երեւանի «Բանանցի» փորձառու ֆուտբոլիստ Արթուր Ոսկանյանը: Վերջինս ժամանակին ելույթ է ունեցել նաեւ «Փյունիկի» կազմում. «Մրցակիցը, թե ինձ, թե մեր թիմի մյուս խաղացողներին շատ լավ ծանոթ է: Վաղվա խաղում կողմերը հավասար հնարավորություններ ունեն հաջողության հասնելու, քանի որ ընթացիկ առաջնության մեկնարկում բավական հաջող են ելույթ ունենում»:

«Փյունիկի» դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը 2 անգամ իր թիմի կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն, սակայն գավաթը նվաճել երիտասարդ դարպասապահին չի հաջողվել. «Իմ ֆուտբոլային երազանքներից մեկը Հայաստանի գավաթը նվաճելն է, քանի որ արդեն դարձել եմ չեմպիոն եւ սուպերգավաթակիր: Գիտակցում եմ, որ դա հեշտ չի լինելու, քանի որ «Բանանցը» լավ թիմ է եւ գտնվում է լավ մարզավիճակում: Սակայն մենք եւս այս տարի շատ հաջող ենք մեկնարկել եւ կարող ենք հասնել ցանկալի արդյունքի»:

«Բանանցի» կիսապաշտպան Արամ Բարեղամյանը Հայաստանի գավաթակիր դարձել է 2007 թ., երբ նրա թիմը հաղթեց «Արարատին»: Այդ խաղի հերոսներից մեկը հենց Բարեղամյանն էր, որը գոլի հեղինակ դարձավ լրացուցիչ ժամանակում. «Մեր թիմը բարձր տրամադրությամբ է մոտենում հանդիպմանը, քանի որ արդեն ապահովել ենք մեր տեղը եվրագավաթների խաղարկություններում: Բացի այդ Հայաստանի առաջնության վերջին 5 խաղերում հաղթել են եւ «Բանանցի» խաղացողների մոտ հաղթողի հոգեբանություն է ձեւավորվել»:

Ընթացիկ մրցաշրջանում «Փյունիկի» լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը գտնում է, որ ժամանակն է, որ իր թիմը նվաճի Հայաստանի գավաթը. «Արդեն մի քանի տարի է «Փյունիկը» չի կարողանում հասնել հաջողության գավաթի խաղարկությունում, թեեւ առաջնությունում 8 անգամ իրար հետեւից հաղթում է: Ես ինքս 3 անգամ դարձել եմ Հայաստանի չեմպիոն, բայց գավաթակիր դեռ չեմ դարձել: Շատ դժվար խաղ է սպասվում եւ հույս ունեմ, որ կկարողանանք այս տարի դառնալ գավաթակիր: Մեր թիմի կազմում շատերի համար դա կլինի առաջին հաջողությունը գավաթի խաղարկություններում»: