Առաջատարների թվում են
Աջակցիր «Ա1+»-ինԻսպանիայի Լա Լագունա քաղաքում ընթացող շախմատային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Մովիսյանը 5 տուրերում վաստակել է 4 միավոր:
5-րդ տուրում հայ շախմատիստը ոչ-ոքի խաղաց ուկրաինացի Ստանիսլավ Սավչենկոյի նկատմամբ: Մրցաշարում հանդես է գալիս նաեւ հայազգի մեկ այլ շախմատիստ' Սերգեյ Կասպարովը, որը ներկայացնում է Բելառուսը: Վերջինս եւս իր ակտիվում ունի 4 միավոր:
5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 4.5 միավորով գլխավորում է պերուացի Ժուլիո Գրանդան: Միանգամից 15 մասնակիցներ վաստակել են 4-ական միավոր եւ ընթանում են 2-16-րդ հորիզոնականներում:
Իսկ Բաքվում Ադրբեջանի հավաքականը մրցում է Աշխարհի հավաքականի հետ: Վերջինիս կազմում հասկանալի պատճառներով այս անգամ հայ գրոսմայստեր չի ընդգրկվել, թեեւ Լեւոն Արոնյանը եւս հանդիսանում է աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկը:
Կողմերը արդեն անցկացրել են 2 հանդիպում: 2-րդ տուրում Աշխարհի հավաքականը Վիշվանաթան Անանդի եւ Ալեքսեյ Շիրովի հաղթանակների շնորհիվ Ադրբեջանին հաղթել է 3:1 հաշվով: 2-րդ տուրից հետո Աշխարհի հավաքականը առջեւում է 4.5:3.5 հաշվով: