«Բանանցի» մարզիչը ընդդեմ իր նախկին սաների
Աջակցիր «Ա1+»-ինՈրպես մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը կարող է առաջին անգամ տիրանալ ֆուտբոլի Հայաստանի գավաթին:
Դրա համար անհրաժեշտ է, որ Գյուլբուդաղյանցի սաները` «Բանանցի» խաղացողները, մայիսի 9-ին եզրափակիչ խաղում հաղթեն «Փյունիկին»:
«Մինչ այսօր ունեինք ֆուտբոլիստներ, որոնք վնասվածքներ ունեին: Խոսքը Սամվել Մելքոնյանի, Արսեն Բալաբեկյանի եւ Գրիշա Խաչատրյանի մասին է, սակայն հավանականությունը մեծ է, որ նրանք մասնակցելու են եզրափակիչ խաղին»,-նշեց Արմեն Գյուլբուդաղյանցը, որը որպես ֆուտբոլիստ «Բանանցի» կազմում 1992 թ. դարձել է Հայաստանի գավաթի անդրանիկ խաղարկության հաղթող:
Հայաստանի ընթացիկ առաջնությունում «Բանանցը» անցկացրած 6 խաղերից 5-ում հաղթել: Այդ 5 հաղթանակներն էլ թիմը տոնել է վերջին 5 տուրերում եւ ներկայումս գտնվում է վերելքի մեջ:
«Վերջին մեկ ամսվա ընթացքում թիմը ծանրաբեռնված գրաֆիկով է հանդես եկել, քանի որ առաջնության խաղերից բացի հանդիպումներ ենք անցկացրել նաեւ գավաթի խաղարկությունում: Այժմ մեր գլխավոր խնդիրը եզրափակիչից առաջ ուժերը վերականգնելն է»,-ասաց «Բանանցի» գլխավոր մարզիչը:
Մրցակիցը` «Փյունիկը», Գյուլբուդաղյանցին առավել քան լավ ծանոթ է: Հենց այս ակումբում էր աշխատում մարզիչը 2007-08 թթ եւ «Փյունիկի» ներկայիս կազմի մի շարք ֆուտբոլիստներ գլխավոր թիմում են հայտնվել հենց Գյուլբուդաղյանցի նախաձեռնությամբ: Իր նախկին սաների մասին Արմեն Գյուլբուդաղյանցը դրական կարծիք ունի. «Փյունիկը» միշտ էլ հարձակվողական եւ գեղեցիկ ֆուտբոլ է ցուցադրել, ուստի առաջիկա խաղում մեզ սպասվում է դիտարժան ֆուտբոլ: Խաղի արժեքը շատ մեծ է, սակայն պետք է այնպես անենք, որ խաղի կարեւորությունը չկաշկանդի ֆուտբոլիստներին: Ես հույսով եմ, որ մայիսի 9-ին կայանալիք եզրափակիչը իսկական տոն կլինի Հայաստանի ֆուտբոլային հասարակության համար»: