Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մասնակիցների թիվը ավելանում է

Սպորտ

ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի պատանիների 2009թ-ի առաջնության մասնակից երկրների թիվը 48-ից հասել է 51-ի: Շուտով Երեւանում մեկնարկելիք առաջնության մասնակցության հայտ են ներկայացրել Գանան, Չեռնոգորիան եւ Վենեսուելան:

Վերջինս Հայաստան կժամանի 9 հոգանոց հավաքականով, իսկ Գանայի դրոշի ներքո հանդես կգան 6 բռնցքամարտիկներ: Չեռնոգորիան կունենա ընդամենը մեկ ներկայացուցիչ:

Դեռեւս ապրիլի 23-ին բռնցքամարտի աշխարհի պատանիների առաջնության մասնակցության հայտերի վերջնաժամկետն էր: Շատ երկրներ թե համաշխարհային տնտեսական ճգնաժամի, թե իրենց մարզական միջոցառումների պլանների հետ կապված չէին հասցրել ժամանակին մասնակցության որոշում կայացնել:

Այնուամենայնիվ, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի եւ ԱԻԲԱ-ի միջեւ կա համաձայնություն չմերժելու միջազգային կարգի սպորտային այս խոշոր միջոցառմանը մասնակցելու ցանկություն հայտնած ոչ մի երկրի:

Հիշեցնենք, որ Մեքսիկայի հավաքականը իր հերթին հրաժարվել էր ժամանել Երեւան, քանի որ ներկայումս Մեքսիկայում համաճարակ է: Թեեւ մեքսիկացի բռնցքամարտիկների շրջանում անցկացրած բուժզննումից հետո որեւէ բացասական պատասխան չի ստացվել, սակայն Մեքսիկայի բռնցքամարտի ֆեդերացիան որոշել է ռիսկի չդիմել եւ չվտանգել մյուս մասնակիցների առողջությունը: