Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կազմի խնդիր չունեն

Սպորտ

Երեւանի «Փյունիկը» մարտական կազմով է պատրաստվում մայիսի 9-ին «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպմանը: «Փյունիկի» եւ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը «Ա1+»-ին հայտնեց, որ չեմպիոնի կազմում վնասվածք ունեցողներ չկան:

Նախորդ 8 տարիներին «Փյունիկը» Հայաստանի առաջնություններում նվաճել է հաղթողի կոչումը, սակայն գավաթի խաղարկություններում թիմը այնքան էլ հաջող հանդես չի գալիս: Վերջին անգամ «Փյունիկը» գավաթի եզրափակիչում խաղացել է 2006 թվականին եւ պարտվել «Միկային» 0:1 հաշվով: Իսկ վերջին անգամ «Փյունիկը» գավաթը նվաճել է 2004 թվականին, երբ նույն «Բանանցի» հետ մրցավեճում հաջողության հասավ հետխաղյա 11 մետրանոցներով:

«Մեր ներկայիս կազմից միայն Սարգիս Հովսեփյանն է դարձել գավաթակիր, իսկ ահա մյուս ֆուտբոլիստները դեռ չեն նվաճել գավաթը եւ մոտիվացիայի առումով մենք խնդիր չենք ունենա»,-նշեց Վարդան Մինասյանը:

Հայաստանի հավաքականի մարզչի կարծիքով եզրափակիչ խաղում սպասվում է բավական հետաքրքիր հանդիպում. «Սովորաբար եզրափակիչ խաղերում թիմերը ավելի շատ մտածում են պաշտպանության մասին, սակայն առաջիկա խաղում իմ կարծիքով 2 թիմերն էլ հարձակվողական, բաց ֆուտբոլ են խաղալու: Թե «Փյունիկը», թե «Բանանցը» արդեն ապահովել են իրենց տեղը եվրագավաթների խաղարկություններում եւ եզրափակիչում կարող են անկաշկանդ եւ կոմբինացիոն խաղ ցուցադրել»:

«Փյունիկի» գլխավոր մարզիչը կոչ արեց ֆուտբոլասերներին մարզադաշտում դիտել հանդիպումը. «Լավ կլիներ նաեւ, որ խաղին ներկա լինեին մեծ թվով ֆուտբոլասերներ, առավել եւս, որ խաղի մուտքը ազատ է: Ֆուտբոլասերների ներկայությունը ավելի հետաքրքիր կդարձնի եզրափակիչ հանդիպումը»:

Ի դեպ, խաղը, որը սկսվելու է մայիսի 9-ին ժամը 20:00-ին, սպասարկելու է Իտալիայից հրավիրված մրցավարական բրիգադը: «Մի փոքր անսպասելի է, որ խաղը վարելու է արտասահմանցի մրցավար, սակայն ես միշտ էլ հանգիստ եմ վերաբերվել մրցավարությանը: Պարզապես սա առաջին դեպքն է, որ գավաթի եզրափակիչ հանդիպումը արտասահմանցիներն են վարում եւ ինչ-որ տեղ դա հետաքրքիր է»,-եզրափակեց Վարդան Մինասյանը: