«Արարատը» կշարունակի պարտվել
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ Հրաչ Կապրիելյանը եւ ակումբի բաժնետերերից Արկադի Անդրեասյանը տեղյակ չեն, թե ով է ներկայումս թիմի գլխավոր մարզիչը: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում «Ա1+»-ին այն հարցին, թե ով կատարվում գլխավոր մարզչի պարտականությունները, ակումբի ղեկավարները ոչ հստակ եւ աղավաղված պատասխաններ տվեցին:
Արկադի Անդրեասյանը նշեց միայն, որ տարեսկզբին թիմը գլխավորած Աշոտ Կիրակոսյանը այլեւս չի աշխատում թիմի հետ եւ տվեց ապշեցուցիչ մեկնաբանություն. «Կիրակոսյանը հեռացվել է, թե պաշտոնանկ է արվել, դա արդեն ակումբի ներքին խնդիրն է: Կարեւորը այն է, որ նա չի աշխատում այլեւս թիմում»:
«Արարատը» ընթացիկ մրցաշրջանում միայն պարտություններ է կրել եւ 0 միավորով եզրափակում է Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակ, սակայն դա ակումբի ղեկավարներին առանձնապես չի հուզում: Հրաչ Կապրիելյանը, լինելով ակումբի նախագահ, հազվադեպ է լինում Հայաստանում, նշեց, որ իրենք Փարիզում էլ ունեն «Արարատ» եւ իրենց այդ թիմն է հետաքրքրում. «Հայաստանում 11 տարի է ներդումներ ենք արել ֆուտբոլում, սակայն առաջինը լինել թույլ չեն տալիս: Դուք էլ տեսաք, որ արդարություն չկա հայկական ֆուտբոլում: Նման իրավիճակում որոշեցինք շատ գումար չծախսել այս տարի: Ինչու պետք է փող դնենք, եթե միեւնույնն է «Փյունիկն» է դառնալու չեմպիոն»:
Ասուլիսի ընթացքում հնչեցին բազմաթիվ հարցեր, սակայն Հրաչ Կապրիելյանը հիմնականում հարցերին հարցով էր պատասխանում եւ անընդմեջ նշում, որ Հայաստանում արդարություն չկա: Իսկ միակ ելքը, ըստ Կապրիելյանի, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հրաժարականն է: Արկադի Անդրեասյանն էլ ավելացրեց, որ վատ մրցավարության պատճառով հայկական ֆուտբոլը շարունակում է նահանջել, ուստի անհրաժեշտ է մրցավարական կորպուսը ֆեդերացիայից առանձնացնել:
«Արարատի» նախագահ Հրաչ Կապրիելյանը հերքեց այն տեղեկությունը, թե իբր ակումբի նախորդ մարզչական կազմը չի ստացել 2008 թվականի մի քանի ամսվա պարգեւավճարները. «Մենք բոլոր պարտքերը մարել ենք»: Իսկ ահա «Արարատի» նախկին մարզչական շտաբի անդամները «Ա1+»-ին հայտնեցին, որ մինչ օրս չեն ստացել շուրջ 3 ամսվա պարգեւավճարները: Մարզչական շտաբի անդամները խոստացան առաջիկայում հրավիրել մամուլի ասուլիս եւ հանրությանը տեղեկացնել «Արարատի» ղեկավարների գործունեության մանրամասներ: