Հայաստանը դիտորդի կարգավիճակում
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի վերջին եւ հունիսի սկզբին եվրոպական մի շարք հավաքականներ կանցկացնեն ընկերական հանդիպումներ: 2010 թ. աշխարհի առաջնության եվրոպական գոտու 5-րդ խմբի մասնակիցներից միայն Հայաստանը առաջիկայում չի անցկացնի ստուգողական հանդիպում: Հայ ֆուտբոլիստները մասնակցությամբ մոտակա միջազգային հանդիպումը նախատեսված է միայն օգոստոսի 12-ին:
Բելգիայի հավաքականը, որի հետ Հայաստանը մրցելու է սեպտեմբերի 9-ին Երեւանում, մայիսի 29-ին մրցելու է Չիլիի հավաքականի հետ, իսկ 2 օր անց բելգիացիները կմրցեն արդեն Ճապոնիայի հավաքականի հետ: Բելգիայի հավաքականը մինչեւ սեպտեմբեր ստուգողական հանդիպում է անցկացնելու նաեւ օգոստոսին' հյուրընկալվելով Եվրոպայի ուժեղագույն հավաքականներից մեկին' Չեխիային: Ներկայումս Բելգիայի հավաքականի փնտրում է նոր գլխավոր մարզիչ: Չի բացառվում, որ շուտով Բելգիայի ազգային թիմը գլխավորի Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը:
Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականը, որը Երեւան կժամանի հոկտեմբերին, հունիսին կանցկացնի 3 ընկերական հանդիպում: Հունիսի 9-ին իսպանացիները Բաքվում կհյուրընկալվեն Ադրբեջանի հավաքականին, իսկ 5 օր անց կմրցեն Նոր Զելանդիայի ընտրանու հետ: Հունիսի 17-ին Իսպանիայի մրցակիցը կլինի Իրաքի հավաքականը: Նման թույլ մրցակիցների հետ իսպանացիները հենց այնպես չեն համաձայնվել խաղալ: Յուրաքանչյուր հանդիպման համար Եվրոպայի չեմպիոնները կլորիկ գումար են ստանալու մրցակիցներից:
Բոսնիայի հավաքականը, որին Հայաստանը հյուրընկալելու է սեպտեմբերի 5-ին, հունիսի 9-ին ընկերական հանդիպում կանցկացնի Օմանի հետ: Բոսնիացիները ներկայումս բանակցություններ են վարում մի շարք հավաքականների հետ եւս մեկ ընկերական հանդիպում օգոստոսի 12-ին անցկացնելու կապակցությամբ:
Թուրքիայի հավաքականը, որին Հայաստանը հյուրընկալվելու է հոկտեմբերին, հունիսի 2-ին սեփական հարկի տակ կմրցի Ադրբեջանի հավաքականի հետ: Հունիսի 5-ին թուրքերը կհյուրընկալվեն Ֆրանսիայի հավաքականին, իսկ օգոստոսի 12-ին կուղեւորվեն արդեն Ուկրաինա:
Էստոնիայի հավաքականը, որի հետ անցկացրած 2 ընտրական խաղերում Հայաստանը վաստակեց 1 միավոր, մայիսի 29-ին հյուրընկալվելու է Ուելսի հավաքականին: Հունիսի 6-ին էստոնացիները հյուրընկալելու են Գվինեային, իսկ 4 օր անց' Պորտուգալիային: Տարվա գլխավոր իրադարձությունը էստոնացիների համար կլինի օգոստոսի 12-ին սեփական հարկի տակ Բրազիլիայի հետ կայանալիք ընկերական հանդիպումը:
Մոլդովայի հավաքականը, որի հետ Հայաստանը ընկերական հանդիպում է անցկացնելու օգոստոսի 12-ին, հունիսի 6-ին պատրաստվում է հյուրընկալվել Վրաստանի հավաքականին: