Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատի» փոխարեն «Փյունիկը»

Սպորտ

Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան` IFFHS-ն, հրապարակել է աշխարհի ուժեղագույն ակումբների նոր վարկանիշային աղյուսակը:
Հայկական ակումբներից ցուցակում է հայտնվել միայն Երեւանի «Փյունիկը»:

Ցուցակում ընդգրկված են 350 ակումբներ, որոնք վերջին 1 տարվա ընթացքում ունեցած ելույթների շնորհիվ IFFHS-ի մասնագետների կողմից դասակարգվել են տարբեր հորիզոնականներում: Նախորդ ցուցակում Հայաստանը ներկայացնում էր միայն «Արարատը», սակայն Հայաստանի առաջնությունում խիստ անհաջող հանդես թիմը այս անգամ դուրս է մնացել լավագույն 350 ակումբների շարքից:

«Արարատը» ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 11 պաշտոնական հանդիպում եւ կրել նույնքան պարտություն: Իսկ ահա «Փյունիկը» նախորդ հրապարակման համեմատ առաջադիմել է շուրջ 60 աստիճանով եւս այժմ զբաղեցնում է 297-րդ հորիզոնականը: Հայաստանի վերջին 8 տարիներին անփոփոխ չեմպիոնը ընթացիկ մրցաշրջանում միավոր չի կորցրել:

Փոփոխությունները քիչ են վերին հորիզոնականներում: Մասնավորապես լավագույն 10 թիմերի շարքում միանգամից 2 ներկայացուցիչ ունի Ուկրաինան: Նման պատվի են արժանացել Կիեւի «Դինամոն» եւ Դոնեցկի «Շախտյորը», որոնք մրցակիցներ են ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում: Իսկ աղյուսակը շարունակում է գլխավորել Չեմպիոնների լիգայի 2009 թ. հաղթող անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»: Ալեքս Ֆերգյուսոնի սաներին հաջորդում է կատալոնական «Բարսելոնան», որը գործնականում ապահովել է Իսպանիայի առաջնության չեմպիոնի կոչումը եւ պայքարում է նաեւ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում հաղթելու համար:

Լավագույն եռյակը եզրափակում է Լոնդոնի «Չելսին», որը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում պայքարում է «Բարսելոնայի» դեմ: Լավագույն տասնյակում ներկայացուցիչ չունի Իտալիան: