Հայաստանը Բաքու չի մեկնի
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 15-17-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայանալիք գեղարվեստական մարմնամարզության Եվրոպայի 2009 թ. առաջնությանը Հայաստանը չի մասնակցի:
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայում «Ա1+»-ին հայտնեցին, որ առաջնությանը մասնակցելու հրավեր մեր հանրապետությունը ստացել է: Հրավերը ուղարկել է Եվրոպայի մարմնամարզության ֆեդերացիան, սակայն հայկական կողմը որոշել է չմասնակցել առաջնությանը:
Պատճառը առաջին հերթին ֆինանսական է, քանի որ պետբյուջեից այս մարզաձեւի համար նախատեսված գումարը որոշակիորեն կրճատվել է: Բացի այդ ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի մարզական պատվիրակությունները թիմերը ընդամենը 1 անգամ են մեկնել Բաքու` մասնակցելու խոշոր միջազգային մրցաշարի: Խոսքը 2007 թ. ըմբշամարտի աշխարհի առաջնության մասին է, որին մասնակցեցին Հայաստանի ազատ եւ հունա-հռոմեական ոճի հավաքականները:
Ի դեպ, ինչպես եւ 2007 թ. ըմբշամարտի առաջնությունը այնպես էլ 2009 թ. Եվրոպայի գեղարվեստական մարմնամարզության առաջնությունը կայանալու է Բաքվի Հեյդար Ալիեւի անվան մարզահամերգային համալիրում: Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել եվրոպական 29 երկրների ներկայացուցիչներ:
Իսկ Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության հավաքականը առայժմ միջազգային մրցաշարերի չի մասնակցի: Փոխարենը մայիսի 27-31-ը Մոսկվայում ելույթ կունենա Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականը, որը հանդես կգա «Աշխարհի աստղեր» մրցաշարում: Հայաստանը կներկայացնեն Հարություն Մերդինյանը եւ Վահագն Ստեփանյանը, իսկ կանանց պայքարում ելույթ կունենա Լիանա Կոբելյանը:
Հունիսի 7-12-ն էլ Երեւանում կանցկացվի Ալբերտ Ազարյանի անվան միջազգային մրցաշարը, որին կմասնակցեն Հայաստանի, Վրաստանի եւ Բրազիլիայի հավաքականները: