Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հատիսը» եւ «Պոլիտեխնիկը»

Սպորտ

Մեկնարկել են Հայաստանի բասկետբոլի կանանց եւ տղամարդկանց առաջնությունները, որտեղ ընթանում են առաջին շրջանի հանդիպումները: ՀԲՖ գործադիր տնօրեն Վահագն Հարությունյանը «Ա1+»-ին հայտնեց, որ առայժմ պայքարի մեջ չեն մտել միայն «Արցախի» կանանց եւ տղամարդկանց թիմերը:

Ֆեդերիացիան ընդառաջել է «Արցախին» եւ հնարավորություն տվել արտագնա բոլոր հանդիպումները անցկացնելու նպատակով մեկ այց կատարել Հայաստան, իսկ հայաստանյան ակումբները 1-ական այց են կատարելու Ստեփանակերտ:

Տղամարդկանց պայքարում 2-ական հաղթանակ են տոնել վերածնված «Հատիսը» եւ չեմպիոն «Պոլիտեխնիկը»: «Հատիսը» 72:60 հաշվով հյուրընկալվելիս առավելության է հասել «Գյումրիի» նկատմամբ, ապա 87:73 հաշվով պարտության մատնել «Արաբկիր ՖԻՄԱ»-ին: «Հատիսի» կազմում են հավաքվել մի շարք փորձառու խաղացողներ, որոնք ժամանակին հանդես են եկել Հայաստանի տարբեր հավաքականներում: Ըստ երեւույթին չեմպիոնության համար պայքարը կընթանա «Հատիսի» եւ «Պոլիտեխնիկի» միջեւ: Վերջինս 103:79 հաշվով առավելության է հասել «Գյումրիի» եւ 72:54 հաշվով` «Սփյուռքի» նկատմամբ:

Նորաստեղծ «Սփյուռքը», որտեղ հանդես են գալիս հիմնականում Հայաստանում գտնվող սփռուքահայ ուսանողներ, առայժմ միավոր չի վաստակել:

Կանանց պայքարում այս տարի եւս մրցակցությունից դուրս են ԳՄՀ-ն (Գյումրու մանկավարժական համալսարան) եւ «Գրանդ Քենդին»: Այս թիմերը առայժմ խոշոր հաշիվներով են հաղթում իրենց մրցակիցներին, իսկ մայիսի 8-ին հանդիպելու են միմյանց հետ: