2 հայ լավագույն եռյակում
Աջակցիր «Ա1+»-ինԴուբայում ավարտվեց «Դուբայ Օփեն» շախմատային միջազգային մրցաշարի 11-րդ խաղարկությունը, որտեղ հաջող հանդես եկան Հայաստանի ներկայացուցիչները: 7 միավորով մրցաշարի հաղթող դարձավ Տիգրան Քոթանջյանը, որը լավագույնը ճանաչվեց լրացուցիչ ցուցանիշներով:
Վերջին 9-րդ տուրում Քոթանջյանը ոչ-ոքի խաղաց ռուս Պավել Մալետինի հետ: 7-ական միավոր էին վաստակել նաեւ Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Բոչարովը եւ հայ գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը, որոնք գրավեցին համապատասխանաբար 2-րդ եւ 3-րդ հորիզոնականները: Անաստասյանը լավագույն եռյակում հայտնվեց` միայն վերջին տուրում հնդիկ Արուն Պրասադին հաղթելով:
Ինչ վերաբերվում է Տիգրան Քոթանջյանին, ապա հայ շախմատիստը անցկացրած 9 պարտիաներից 6-ում հաղթեց, 2 պարտիա ավարտեց ոչ-ոքի, իսկ մեկ մրցամարտում զիջեց մրցակցին: Տիգրանը մրցաշարի մեկնարկային 4 տուրերում նույնքան հաղթանակ տոնեց, սակայն 5-րդ տուրում պարտություն կրեց բելառուս Վադիմ Մալախատկոյից: Պարտությունը հայ շախմատիստին չընկճեց եւ հաջորդ 4 պարտիաներում Քոթանջյանը վաստակեց եւս 3 միավոր եւ կարողացավ նվաճել հաղթողի կոչումը:
Դուբայում ելույթ ունեցան նաեւ Հայաստանի այլ ներկայացուցիչներ, որոնցից Հրանտ Մելքումյանը 6 միավորով զբաղեցրեց 17-րդ հորիզոնականը: Բավական հաջող հանդես եկավ երիտասարդ Սուրեն Պողոսյանը, որը առայժմ չունի միջազգային կոչում: 2285 վարկանիշով այս շախմատիստը վաստակեց 5,5 միավոր եւ գրավեց 28-րդ հորիզոնականը` առաջ անցնելով իրենց բարձր վարկանիշ ունեցող տասնյակ շախմատիստներից: 4,5-ական միավոր վաստակեցին Վարդան Խոջայանը եւ Աղասի Ինանցը: