Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջին անգամ սեփական հարկի տակ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականը սկսել է նախապատրաստվել մայիսի 12-ին Աբովյանում մեկնարկելիք միջազգային մրցաշարին, որտեղ ելույթ կունենան նաեւ Էստոնիայի եւ Ղազախստանի հավաքականները:

Հավաքականի գլխավոր մարզիչ Սամվել Ադամյանը «Ա1+»-ին հայտնեց, որ Հայաստանը կազմի հետ կապված խնդիրներ ունի. «Մեր առաջատար 2 խաղացողներ Քրիստինե Ալեքսանյանը եւ Գայանե Կոստանյանը առայժմ բացակայում են: Նրանք ելույթ են ունենում Լիբանանում եւ Հայաստան կժամանեն միայն առաջին խաղի օրը: Առայժմ տեղյակ չենք, թե նրանք ինչ վիճակում են: Ամեն դեպքում մեր հավաքականը մարտական է տրամադրված եւ նախապատրաստական փուլը անցնում է նորմալ պայմաններում»:

Գլխավոր մարզչի օգնական Լիաննա Հայրապետյանը, որը երկար տարիներ հանդես է եկել ազգային հավաքականում, ընդգծեց, որ Հայաստանի կանանց հավաքականը առաջին անգամ է հանդիպում անցկացնելու սեփական հարկի տակ. «Մեր ֆուտբոլիստուհիներն երկար են սպասել այս պահին եւ մեծ անհամբերությամբ են սպասում հանդիպումներին: Աղջիկների մոտ հուզմունք է նկատվում, քանի որ նրանք երբեք ելույթ չեն ունեցել սեփական հարկի տակ, հայ ֆուտբոլասերների աջակցության ներքո, ուստի լավ կլիներ, որ հայկական ֆուտբոլի սիրահարները հաճախեին մարզադաշտ եւ աջակցեին մեր ֆուտբոլիստուհիներին»:

Հայաստանի մրցակիցներ Էստոնիան եւ Ղազախստանը իրենց խաղամակարդակներով հավասար թիմեր են: Էստոնիայի հետ հայ ֆուտբոլիստուհիները մրցել են նաեւ 2008 թ. աշնանը Մակեդոնիայում կայացած միջազգային մրցաշարում եւ հաղթել 2:1 հաշվով: Իսկ ահա Ղազախստանը մեզ համար անհայտ մրցակից է:

Հավաքականի գլխավոր մարզիչ Սամվել Ադամյանի կարծիքով առաջիկա մրցաշարը նախապատրաստության լավ փուլ է սեպտեմբերին մեկնարկելիք աշխարհի առաջնության ընտրական մրցաշարից առաջ: Այս տարվանից կանայք տղամարդկանց պես ընտրական փուլում մրցելու են մեկնումնային տարբերակով' մեկական հանդիպում մրցակիցների հետ անցկացնելով սեփական հարկի տակ եւ հյուրընկալվելիս:

Հայաստանը ընտրական մրցաշարում մրցելու է Իտալիայի, Ֆինլանդիայի, Սլովենիայի եւ Պորտուգալիայի հավաքականների հետ: «Մեզ բաժին են հասել բավական ուժեղ մրցակիցներ, որոնք իրենք վարկանիշով եւ խաղամակարդակով մեզանից առաջ են: Սակայն միայն ուժեղ մրցակիցների հետ հանդիպումները թույլ կտան մեր ֆուտբոլիստներին բարձրացնել խաղամակարդակը: Ուրախալի է նաեւ, որ այսուհետեւ մրցելու ենք նաեւ սեփական հարկի տակ»,-եզրափակեց Սամվել Ադամյանը: