Բելառուսը Երեւան չի ժամանի
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում առաջին անգամ կկայանա հանդբոլի միջազգային մրցաշար, որը կմեկնարկի մայիսի 18-ին Երեւանի «Դինամո» մարզահամալիրում:
Մրցաշարը կրելու է «ՀՀ վարչապետի մրցանակ» անունը եւ կլինի ավանդական: Անդրանիկ խաղարկությանը մասնակցելու են Հայաստանի ազգային եւ երիտասարդական, Վրաստանի եւ Իրանի ազգային հավաքականները:
«Մրցաշարին մասնակցելու համաձայնություն էր տվել նաեւ Բելառուսի հավաքականը, սակայն ֆինանսատնտեսական ժգնաժամի պատճառով բելառուսները որոշեցին չմասնակցել»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Հարություն Մելքոնյանը:
Մրցաշարին ներկա է լինելու նաեւ Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը, որը Երեւանում պետք է ծանոթանա Մարզահամերգային համալիրի հնարավորություններին: Չի բացառվում, որ հետագայում ՄՀՀ-ն ընդունի եվրոպական որեւէ խոշոր պաշտոնական մրցաշար:
Երեւանյան մրցաշարի կազմակերպիչները «Վարչապետի գավաթի» խաղարկության մուտքի համար տոմսեր չեն սահմանել, որպեսզի մեծ թվով մարզասերներ ներկա գտնվեն հանդիպումներին: Բացի այդ հանդիպումները դիտելու նպատակով Երեւան կժամանեն մարզերում հանդբոլով զբաղվող հարյուրավոր պատանիներ:
«Ակնկալում ենք, որ այս մրցաշարը աշխույժություն կառաջացնի հանդբոլում: Միաժամանակ սա Հայաստանի հավաքականի համար լավ առիթ է խաղային փորձ ձեռք բերելու համար, քանի որ հայտ ենք ներկայացրել մասնակցելու հոկտեմբերին կայանալիք զարգացող երկրների մրցաշարին»,-նշեց Հարություն Մելքոնյանը:
Խոսելով Հայաստանի առաջնությունների մասին' Հարություն Մելքոնյանը հայտնեց, որ օրերս Վանաձորում ավարտվել են Հայաստանի տղաների եւ աղջիկների պատանեկան առաջնությունները, որոնց մասնակցել են 5-ական թիմեր. «Մասնակիցների աշխարհագրությունը այս անգամ մեծացել էր: Մասնավորապես աղջիկների առաջնությանը մասնակցեցին թիմեր Արցախից, Ալավերդիից: Տղաների պայքարում հանդես եկան թիմեր Երեւանից, Գյումրիից, Վանաձորից: Առաջնության ավարտից հետո հավաքագրվեց պատանեկան հավաքական, որը պետք է մասնակցի 2010 թ. Սինգապուրի օլիմպիական պատանեկան խաղերի որակավորման փուլին»:
Հարություն Մելքոնյանը նշեց, որ մարզաձեւի զարգացման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են կատարվում հատկապես Վանաձորում եւ Արցախում, իսկ առաջիկայում փորձ կարվի հանդբոլի ավանդույթները վերականգնել նաեւ Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերում: «Մեր ֆեդերացիայի նախագահի եւ ղեկավարների կարծիքը այն է, որ հանդբոլը հնարավոր է զարգացնել պրոֆեսիոնալ ակումբներ ստեղծելով: Նախատեսվում է, որ մինչեւ տարեվերջ մեկական ակումբներ կունենան Երեւանը, Լոռին եւ Արցախը: Այս ակումբները կունենան նվազագույն պայմանները»: