Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առանց պարտության

Սպորտ

Ավարտվեց ֆուտզալի Հայաստանի առաջնության առաջին փուլը: 9 մասնակիցներ 2 շրջանով պայքարում էին եզրափակիչ փուլի 6 ուղեգրերի համար:

Կայացած 16 տուրերից հետո առաջին հորիզոնականում հայտնվեց Ռուբեն Նազարեթյանի գլխավորած «Թալ Գրիգը», որը չկրելով ոչ մի պարտություն, վաստակեց 42 միավոր: Վերջին տուրում Նազարեթյանի սաները 2:2 հաշվով ավարտեցին չեմպիոն «Պոլիտեխնիկի» հետ մրցավեճը: Վերջինս այս ոչ-ոքիից հետո 35 միավորով եզրափակեց լավագույն եռյակը:

38 միավորով 2-րդ տեղը զբաղեցրեց «Էրեբունին», որը 8:4 հաշվով առավելության հասավ «Ռեմայի» նկատմամբ: Այս խաղում 3 գոլի հեղինակ դարձավ Արմեն Գուլամբարյանը:

Խոշոր հաշիվ գրանցվեց «Հրազդան»-«Արսենալ Նոր Նորք» մրցավեճում, որտեղ 11:3 հաշվով հաջողության հասան հյուրերը: «Արսենալի» կազմում 3 անգամ աչքի ընկավ Էդուարդ Հովհաննիսյանը:

«Եվրոպան» 7:4 հաշվով հաղթեց «Գյումրիին»:

Այսպիսով' եզրափակիչ փուլ դուրս եկան «Թալ Գրիգը», «Պոլիտեխնիկը», «Էրեբունին», «Եվրոպան», «Արսենալ Նոր Նորքը» եւ «Հրազդանը»: Առաջնության առաջին փուլը ցույց տվեց, որ չեմպիոնության ռեալ հավակնորդներ են «Թալ Գրիգը», «Պոլիտեխնիկը» եւ «Էրեբունին», որոնց պայքարին կարող է միջամտել նաեւ «Եվրոպան», իսկ ահա մյուս մասնակիցները իրենց խաղամակարդակով առայժմ զգալիորեն զիջում են:

Առաջնության ռմբարկուների պայքարում առաջատարը «Պոլիտեխնիկի» փորձառու խաղացող Կարեն Միքայելյանն է, որը խփել 57 գնդակ: Առաջնությունը «Արսենալ Նոր Նորքում» սկսած, ապա «Էրեբունի» տեղափոխված Արմեն Գուլամբարյանը 47 գնդակով 2-րդն է, իսկ լավագույն եռյակը 29 գնդակով եզրափակում է «Հրազդանի» առաջատար Վանիկ Ղազարյանը: