Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրոպայի առաջնությունը բաց կթողնենք

Սպորտ

Հայաստանը չի մասնակցի կարատեի Եվրոպայի 2009 թ. առաջնությանը, որը մեկնարկում է մայիսի 8-ին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում:

Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Գրիգոր Միքայելյանը «Ա1+»-ին հայտնեց, որ հայ մարզիկները մրցավայր չեն մեկնելու ֆինանսների բացակայության պատճառով: Նախորդ տարվա համեմատ կարատեի ֆեդերացիային պետբյուջեից հատկացվելիք գումարները կրճատվել են 55 տոկոսով, ինչի պատճառով հայ կարատեիստները բաց են թողնելու մի շարք միջազգային մրցաշարեր:

Գրիգոր Միքայելյանը հայտնեց, որ ունեցած միջոցները ֆեդերացիան ծախսելու է աշնանը Մարոկոյում կայանալիք աշխարհի առաջնության համար:

Ամեն դեպքում հայ մարզիկները հնարավորության դեպքում մեկնում են արտասահման: Մասնավորապես մինչեւ 80 կգ քաշայինների պայքարում հանդես եկող Դավիթ Ոսկանյանը օրերս հաջող ելույթ է ունեցել Լաս Վեգասում կայացած «Օզավայի գավաթի» խաղարկությունում, որտեղ Ոսկանյանը եղել է Հայաստանի միակ ներկայացուցիչը: Հայ մարզիկը արժանացել է ոսկե գավաթի:

Իսկ երեկ Երեւանում ավարտվեց Հայաստան-Իրան ընկերական հանդիպումը, որին մասնակցում էին հարեւան երկրների հավաքական թիմերը: Իրանը Հայաստան էր ժամանել «վադոկայ» ոճի հավաքականով, որին հայ մարզիկները հաղթեցին ընդհանուր 3:0 հաշվով:

Այժմ Հայաստանի ուժեղագույն կարատեիստները պատրաստվում են մայիսի 30-31-ը կայանալիք Հայաստանի մեծահասակների առաջնությանը: Առաջնությունում առավել հաջող հանդես եկած մարզիկներն են ձեւավորելու են Հայաստանի ազգային հավաքականը, որը մի քանի ամիս շարունակ կնախապատրաստվի աշխարհի առաջնությանը: