Խաղն ավարտեցին 9 հոգով
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Արարատը» հերթական պարտությունը կրեց ֆուտբոլի Հայաստանի ընթացիկ առաջնությունում: 2008 թ. առաջնության փոխչեմպիոնը այս անգամ սեփական հարկի տակ 0:2 հաշվով զիջեց Կապանի «Գանձասարին»:
2 թիմերն էլ նախքան այս հանդիպումը միավոր չէին վաստակել: Խաղի ելքը վճռվեց վերջնամասում, երբ «Գանձասարի» կազմում 1-ական գնդակ խփեցին Արմեն Տատինցյանը եւ Վահե Դավթյանը: Կապանցիները իրենց առաջին միավորները վաստակեցին, իսկ «Արարատը» շարունակում է առանց միավորի եզրափակել մրցաշարային աղյուսակը: Անցկացրած 6 խաղերում արարատցիները չեն կարողացել նաեւ գրավել մրցակիցների դարպասը:
Առաջին հորիզոնականում շարունակում է ամրապնդվել չեմպիոն «Փյունիկը», որը 2-րդ խաղում անընդմեջ հաղթեց խոշոր հաշվով: Այս անգամ Վարդան Մինասյանի սաները 4 անպատասխան գնդակ ուղարկեցին Գյումրիի «Շիրակի» դարպասը: «Փյունիկի» կազմում արդեն 8-րդ րոպեին աչքի ընկավ թիմի ավագ Սարգիս Հովսեփյանը, որը ավրեպ իրացրեց 11 մետրանոցը: Մյուս 3 գոլերը տանտերերը խփեցին վերջին 10 րոպեների ընթացքում: Նախ, Գեւորգ Ղազարյանը 80-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց, իսկ մինչեւ խաղավարտ եւս 2 գնդակ խփեց Միհրան Մանասյանը: «Փյունիկը» 18 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:
5-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց «Բանանցը», որը հյուրընկալվելիս 1:0 հաշվով առավելության հասավ «Ուլիսի» նկատմամբ: 66-րդ րոպեին հանդիպման միակ գնդակը խփեց Արտակ Օսեյանը: «Բանանցը» 15 միավորով ընթանում է 2-րդ տեղում:
Լավագույն եռյակը 13 միավորով եզրափակում է «Միկան», որը հյուրընկալվելիս 2:1 հաշվով առավելության հասավ «Կիլիկիայի» նկատմամբ: Հաղթանակը մեծ դժվարությամբ տրվեց «Միկային», որի գլխավոր մարզչի պաշտոնում իր նորամուտը նշեց Սամվել Դարբինյանը: Արդեն 6-րդ րոպեին մրցավար Արման Ամիրխանյանը խաղադաշտից հեռացրեց «Միկայի» պաշտպան Ալեքսին: 10 հոգով մնացած «Միկան» 37-րդ րոպեին Էդնեյի շնորհիվ կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ: Սակայն 60-րդ րոպեին փոխարինման մտած Տիգրան Ղարաբաղցյանը հավասարեցրեց հաշիվը, իսկ 2 րոպե անց մրցավարը կարմիր քարտ ցույց տվեց նաեւ Իրակլի Ցանավային: 9 հոգով էլ «Միկան» կարողացավ հաղթանակ տոնել: 72-րդ րոպեին գեղեցիկ գոլ խփել Արամ Ոսկանյանը: