Օրացույց. Մայիսի 4
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ծնվել են
1955-Ավրամ Գրանտ (իսրայելցի մարզիչ)
Իսրայելի հավաքականի նախկին մարզիչը աշխարհին հայտնի է 2007-08 թթ. Լոնդոնի «Չելսիում» աշխատած ժամանակահատվածով: Գրանտի գլխավորությամբ «Չելսին» կարողացավ դուրս գալ Չեմպիոնների լիգայի 2007-08 թթ. խաղարկության եզրափակիչ, որտեղ զիջեց անգլիական մեկ այլ ակումբի' «Մանչեսթեր Յունայթեդին»: «Ազնվականներն» արծաթե մեդալի արժանացան նաեւ Անգլիայի Պրեմիեր լիգայում: Չնայած ոչ վատ արդյունքներին' Գրանտի հետ պայմանագիրը «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը չերկարաձգեց:
1956-Ուլրիկե Մեյֆարտ (գերմանացի աթլետուհի)
Հանդես գալով թռիչք բարձրությունում' գերմանացի մարզուհին ոսկե մեդալի է արժանացել 1972 թ. Մյունխենում եւ 1984 թ. Լոս Անջելեսում կայացած ամառային օլիմպիական խաղերում:
1973-Գիլերմո Բարոս Շելետո (արգենտինացի ֆուտբոլիստ)
«Գիմնաստիկի» եւ «Բոկա Խունիորսի» նախկին ֆուտբոլիստը ներկայումս հանդես է գալիս «Կոլումբուսում»: Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրել է 10 հանդիպում:
1977-Մարիանո Պերնիա (իսպանացի ֆուտբոլիստ)
Ազգությամբ արգենտինացի այս ֆուտբոլիստը արդեն 7 տարի է հանդես է գալիս Իսպանիայում եւ ընդունել է այդ երկրի քաղաքացիություն: Պերնիան ներկայումս հանդիսանում է Մադրիդի «Ատլետիկոյի» խաղացող: Իսպանիայի հավաքականի կազմում անցկացրել է 11 խաղ եւ խփել 1 գնդակ:
1981-Էրիկ Ջեմբա-Ջեմբա (կամերունցի ֆուտբոլիստ)
Կամերունի հավաքականի խաղացողը ներկայումս ելույթ է ունենում դանիական «Օդենսեյում»: Եվրոպական ֆուտբոլում Էրիկը հայտնվեց 2001 թ.' պայմանագիր կնքելով ֆրանսիական «Նանտի» հետ: Հետագայում հանդես եկավ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» եւ «Ասթոն Վիլայում»: Փորձառու կիսապաշտպանը Կամերունի հավաքականի կազմում անցկացրել է 23 խաղ եւ խփել 2 գնդակ:
1982-Մարկուս Ռոգան (ավստրիացի լողորդ)
Խոշոր մրցաշարերում Ռոգանն արժանացել է տասնյակ մեդալների: Հատկապես հաջող է հանդես գալիս 200 մ թիկնալողում: 2 անգամ դարձել է օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, 1 անգամ աշխարհի չեմպիոն, 4 անգամ Եվրոպայի չեմպիոն:
1987-Սեսկ Ֆաբրեգաս (իսպանացի ֆուտբոլիստ)
Լոնդոնի «Արսենալի» առանցքային ֆուտբոլիստը Անգլիայում հայտնվեց 2003 թ,: Այդ ժամանակ Ֆաբրեգասն ելույթ էր ունենում կատալոնական «Բարսելոնայի» պատանեկան թիմում, սակայն «Արսենալի» ղեկավարությունը ավելի մեծ հույսեր էր կապում Սեսկի հետ եւ պատանի ֆուտբոլիստը տեղափոխվեց Մեծ Բրիտանիա: Ժամանակի ընթացքում Ֆաբրեգասը դարձավ եվրոպական ֆուտբոլի աստղերից մեկը: Հանդես է եկել Իսպանիայի բոլոր տարիքային հավաքականներում, իսկ 2008 թ, ազգային հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի չեմպիոն: