Պահեստայինների նստարանին
Աջակցիր «Ա1+»-ինՀանգստյան օրերին Հայաստանի հավաքականում հանդես եկող լեգեոներներից ոչ բոլորն էլ դուրս եկել խաղադաշտ իրենց ակումբների կազմերում:
Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրում մերձմոսկովյան «Խիմկին» սեփական հարկի տակ 2:2 հաշվով ավարտեց «Կուբանի» հետ մրցավեճը: Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին ելույթ ունեցավ «Խիմկիի» հիմնական կազմում: Մեկնարկային կազմում էր նաեւ հայ ֆուտբոլիստ Բարսեղ Կիրակոսյանը, որը 73-րդ րոպեին փոխարինվեց: «Խիմկին» 2 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Ուկրաինայի առաջնության 26-րդ տուրում Դոնեցկի «Մետալուրգը» սեփական հարկի տակ 1:1 հաշվով ավարտեց «Դնեպրի» հետ մրցավեճը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արարատ Առաքելյանը 2-րդ խաղում անընդմեջ դուրս չեկավ խաղադաշտ: Առաքելյանը նույնիսկ հայտավորված էր «Մետալուրգի» պահեստայինների թվում: Առաջնության ավարտից 4 տուր առաջ «Մետալուրգը» 44 միավորով գտնվում է 4-րդ հորիզոնականում:
Նորվեգիայի առաջնությանը 7-րդ տուրում Լեւոն Պաչաջյանի «Ֆրեդրիկստադը» հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտվեց առաջատարին' «Ռոսենբորգին»: Պաչաջյանը մասնակցեց ողջ հանդիպմանը:
Ռումինիայի առաջնության 28-րդ տուրում «Տիմիշոարան» 3:2 հաշվով առավելության հասավ «Ֆարուլի» նկատմամբ: Արման եւ Արտավազդ Քարամյանները վնասվածքի պատճառով բացակայում էին «Տիմիշոարայի» կազմից: Եթե Արտավազդը շուտով կվերադառնա խաղադաշտ, ապա Արմանի համար մրցաշրջանն արդեն ավարտված է: «Տիմիշոարան» 54 միավորով ընթանում է 3-րդ հորիզոնականում:
Բելառուսի առաջնության 5-րդ տուրում 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Բորիսովի ԲԱՏԵ-ն, որը այս անգամ 1:0 հաշվով առավելության հասավ Բրեստի «Դինամոյի» նկատմամբ: Հայ հարձակվող Հովհաննես Գոհարյանը կրկին դուրս եկավ փոխարինման' այս անգամ խաղադաշտում հայտնվելով 87-րդ րոպեին:
Դանիայի առաջնության 28-րդ տուրում «Ռանդերսը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով առավելության հասավ «Էսբերգի» նկատմամբ: Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը ընդգրկված էր «Ռանդերսի» պահեստայինների կազմում, սակայն խաղադաշտ դուրս չեկավ: