Արոնյանի վարկանիշը աճում է
Աջակցիր «Ա1+»-ինՀայ շախմատիստ Լեւոն Արոնյանի վարկանիշը զգալիորեն բարձրացել է: Ըստ «Chess-liverating»-ի, Արոնյանը վերջին շրջանում ունեցած հաջող ելույթների շնորհիվ իր վարկանիշը հասցրել է 2768-ի եւ այս ցուցանիշով գտնվում է 3-րդ հորիզոնականում:
Օրերս Արոնյանը հաղթող ճանաչվեց Նալչիկում կայացած ՖԻԴԵ-ի Գրան-պրի մրցաշարում, որտեղ 13 հնարավորից վաստակեց 8,5 միավոր: Այս ելույթի շնորհիվ Արոնյանը վարկանիշային միավորների քանակը ավելացրել է 14-ով: Նալչիկում Լեւոնը բավական հաջող հանդես եկավ եւ 8,5 միավոր վաստակեց բավական ուժեղ մրցակիցների հետ պայքարում, իսկ վերջին տուրում հաղթեց հունգարացի Պետեր Լեկոյին:
Առաջընթաց է ապրել նաեւ Վլադիմիր Հակոբյանը: Հայաստանի հավաքականի հիմնական կազմի խաղացողը եւս հաջող հանդես եկավ Նալչիկում, որտեղ վաստակեց 7,5 միավոր եւ Լեկոյի հետ հանգրվանեց 2-3-րդ հորիզոնականներում: Հակոբյանը 15,6-ով ավելացրել է վարկանիշային միավորները եւ զբաղեցնում է 26-րդ հորիզոնականը:
«Chess-liverating»-ի տվյալներով վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել բուլղարացի Վեսելին Տոպալովը (2812): Տոպալովը վերջին շրջանում միջազգային մրցաշարերի չի մասնակցել եւ ներկայումս միակ գրոսմայստերն է աշխարհում, որի վարկանիշը գերազանցում է 2800-ը: 2788 միավորով 2-րդ տեղում է աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը: