Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ կտա սահմանի բացումը Գյումրիին

Մարզեր

Վերջին շրջանում ավելի հստակ ու իրատեսական են դառնում հայ-թուրքական պետական սահմանի բացման հնարավորությունները:

Ի՞նչ կտա սահմանի բացումը գյումրեցիներին: Աշխարհագրական դիրքի պատճառով Կումայրի-Գյումրի-Ալեքսանդրապոլը սահմանագլուխն էր նախ թուրք-պարսկական, ապա' թուրք - ռուսական աշխարհագրական շահերի հատման կետերում: Այս բնակավայրը տեսել է թուրքական բազմաթիվ արշավանքներ:

Քաղաքի պատմության ամենադաժան էջերն են 20 -րդ դարի 18-20-ականները, երբ թուրքական երկու արշավանքներից ամենաշատը տուժեց հենց Գյումրին հատկապես, երբ թուրքական ռազմական ուժը գլխավորում էր Քյազիմ Կարաբեքիրը: Թուրքերին այդ անգամ հաջողվեց մտնել Գյումրի, իսկ Կարաբեքիրի շտաբը տեղակայվեց ներկայիս մանկավարժական ինստիտուտի նախկին մասնաշենքում:

Քաղաքն իր կարեւոր դերն ունեցավ նաեւ խաղաղ ժամանակներում, երբ ակտիվացան շփումներն առեւտրի, մշակույթի եւ այլ բնագավառներում: Քաղաքում մի թաղամաս կար, որի անվանումը բնակիչների հիշողություններում պահպանվում է իր սկզբնական տարբերակով: Խոսքը «Թուրքի մայլի» մասին է: Արդեն 19-20-րդ դարերում Գյումրի-Ալեքսանդրապոլը վերածվեց տնտեսական հիմնական հենակետի' Օսմանյան կայսրության արեւելյան վիլայեթների ու հարեւան տարածքների համար:Այս քաղաքը ընդունեց արեւմտահայ ամբողջ գաղթականությանը:

Հետագայում' ռուսական տիրապետության ժամանակներում, Ալեքսանդրապոլը վերածվեց նաեւ ռազմական հենակետի: Կառուցվեց մինչեւ օրս կանգուն մնացած, իր ամրությամբ ու ինժեներական լուծումներով զարմացնող Սեւ Բերդը կամ թուրքերեն' Ղուլը, որն իր ժամանակներում Անդրկովկասի ամենահզորը եւ ամենահուսալին էր համարվում, որը սակայն երբեւէ չծառայեց իր նպատակին: 1905 թվականին Նիկոլայ 2-րդ ցարի օրոք կառուցվեց նաեւ Գյումրի - Կարս երկաթուղին, որն իրար միացրեց մի կողմից Ալեքսանդրապոլն ու Երեւանը, մյուս կողմից' Կարսը, Էրզրումը, Երզնկան ու Սարիղամիշը, ինչով էլ ավելի հզորացրեց այս տարածաշրջանի դերն առեւտրատնտեսական շրջանառության բնագավառում: Երկաթգիծը ֆիզիկապես գործում էր մինչեւ 1993թ թուրքական սահմանի փակվելը: Այսօր Շիրակի մարզի Ախուրիկ գյուղն այն առաջին կետն է, ուր այդ երկաթուղին Հայաստանի ուղղությամբ հատում է սահմանը:

Ախուրիկ գյուղի բնակիչ 80-ամյա Գրիգոր Մելքոնյանը հիշում է նաեւ Նիկոլայ 2-րդ ցարի ժամանակ այստեղ կառուցված երկաթյա կամուրջի տեղը, ինչը 1971թ. ապամոնտաժվել է' փոխարինվելով բետոնյայով: Անցած դարի 60-ականներին նույն տեղում մարտավարական նպատակներով նույն երկաթգծի վրա կառուցվել է նաեւ լայն շերտ' պատերազմական իրավիճակների դեպքում հակառակորդի երկաթուղային միավորների ներխուժումը բացառելու համար: Ուղեկալը դեռեւս փակ է: Ի՞նչ դեր կստանձնի Գյումրի-Կարս երկաթուղին' նոր աշխարհաքաղաքական զարգացումներում: Ըստ Գրիգոր Աղանյանի, եթե Գյումրիի երկաթգիծը թուրքերը կորցրեցին եւ սկսեց գործել Մեղրիի երկաթգիծը, ապա Կարսի երկաթգիծը կզրկվի իր կարեւոր նշանակությունից: Իսկ Կարս - Ախալքալաք բլեֆը կարող է եւ չաշխատի, որովհետեւ անցնելու է հայահոծ տարածքներով:

Բացի այդ, Աղանյանի կարծիքով' համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում հազիվ թե գտնվի մեկը, ով ցանկանա գումար ծախսել նման ծրագրի վրա, այն էլ պայթյունավտանգ տարածքում: Այս պարագայում էլ կկարեւորվի Գյումրի-Կարս երկաթուղու նշանակությունը: Սահմանակետի բացվելու դեպքում Գյումրին կարող է վերստին շահեկան վիճակում հայտնվել, եթե նորից չկիրառվի տնտեսական զարգացման, այսպես կոչված, շերեփուկի տարբերակը'երբ ամեն ինչ նորից մայրաքաղաքում չկուտակվի:

"Ցայգ" հ/կ, Գյումրի