4 գնդակ Ռոմանի դարպասում
Աջակցիր «Ա1+»-ինՀանգստյան օրերին ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ոչ բոլոր խաղացողներն են մասնակցել իրենց ակումբների հանդիպումներին:
Ռուսաստանի առաջնության 6-րդ տուրում Ռոման Բերեզովսկին բաց թողեց 4 գնդակ: Հայաստանի հավաքականի դարպասապահի թիմը' «Խիմկին», հյուրընկալվելիս 2:4 հաշվով զիջեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»:
Նախորդ տուրում Ռոմանը վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չեկավ, իսկ ահա այս անգամ Բերեզովսկու վերադարձը հաջող չստացվեց: «Խիմկին» կրկին անվստահ խաղաց պաշտպանությունում: Բացի այդ, արդեն 12-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց հյուրերի խաղացող Կոժանովը եւ 10 հոգով մնացած «Խիմկիի» խաղացողները մի կերպ խուսափեցին խոշոր հաշվից: Հանդիպման 90-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ հայ ֆուտբոլիստ Բարսեղ Կիրակոսյանը, որը «Խիմկիի» նախորդ խաղերում ընդգրկվում էր հիմնական կազմում: «Խիմկին» շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը:
Ուկրաինայի առաջնության 25-րդ տուրում Դոնեցկի «Մետալուրգը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով առավելության հասավ «Իլիչեւեցի» նկատմամբ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արարատ Առաքելյանը ընդգրկված էր «Մետալուրգի» հայտացուցակում, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ: Առաջնության ավարտից 5 տուր առաջ «Մետալուրգը» ընթանում է 4-րդ հորիզոնականում:
Բելառուսի առաջնության 4-րդ տուրում Բորիսովի ԲԱՏԵ-ն հյուրընկալվելիս 3:1 հաշվով առավելության է հասել Մինսկի «Դինամոյի» նկատմամբ: Հայաստանի հավաքականի անդամ Հովհաննես Գոհարյանը ԲԱՏԵ-ի կազմում փոխարինման է դուրս եկել 86-րդ րոպեին:
Դանիայի առաջնության 27-րդ տուրում «Ռանդերսը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Օլբորգին»: Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը ընդգրկված էր «Ռանդերսի» պահեստայինների կազմում, սակայն խաղադաշտ դուրս չեկավ:
Ռումինիայի առաջնության 27-րդ տուրում «Տիմիշոարան» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Գլորիային»: Հյուրերի կազմում խաղադաշտ դուրս եկավ միայն Արտավազդ Քարամյանը, իսկ ահա նրա երկվորյակ եղբայր Արմանը վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չեկավ: Արման Քարամյանը ծանր վնասվածք է ստացել նախորդ տուրում եւ հավանաբար «Տիմիշոարայի» կազմ կվերադառնա հուլիսին: