Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օպտիմալ կազմին սպասելիս

Սպորտ

Երկարատեւ ընդմիջումից հետո խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Եղիշե Մելիքյանը, որը վերջերս պայմանագիր է կնքել Երեւանի «Ուլիսի» հետ:

Մելիքյանը խաղադաշտ դուրս եկավ «Փյունիկի» հետ կիսաեզրափակիչի պատասխան խաղում, որում երեկ «Ուլիսը» պարտվեց 0:1 հաշվով:

«Փորձում ենք Եղիշեին աստիճանաբար ընդգրկել հիմնական կազմում եւ այս խաղում նրան խաղալու հնարավորություն տվեցին, որպեսզի խաղային պրակտիկա ձեռք բերի»,-նշեց «Ուլիսի» գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանը:

Աստիճանաբար «Ուլիսի» հիմնական կազմում է հայտնվում նաեւ մեկ այլ փորձառու ֆուտբոլիստ Կարեն Մուրադյանը: Արզումանյանը նշեց, որ Մելիքյանը եւ Մուրադյանը խաղային պրակտիկա ձեռք բերելու եւ լավ մարզավիճակում հայտնվելու համար կարող են հանդես գալ նաեւ «Ուլիսի» 2-րդ թիմում:

Խոսելով «Փյունիկի» հետ գավաթային մրցավեճի մասին' Սեւադա Արզումանյանը նշեց, որ մրցակիցը արժանիորեն դուրս եկավ եզրափակիչ. «Այս խաղից առաջ «Փյունիկին» ընդհանուր հաշիվը ձեռնտու էր եւ նրանք արագ տեմպով չէին խաղում: Նման պայմաններում մեր տղաները կարողացան շարժվել: Ես հաջողություն եմ մաղթում «Փյունիկին» եզրափակիչ խաղում: Թող հաղթի ուժեղագույնը»:

Հայաստանի առաջնության 4 տուրերից հետո թիմը վաստակել է 9 միավոր եւ ընթանում է 2-4-րդ հորիզոնականներում, ինչը ակումբի պատմության մեջ լավագույն մեկնարկն է: Չնայած հաջող մեկնարկին' «Ուլիսի» խաղը առայժմ չի փայլում, ինչը ըստ մարզչի ունի նաեւ օբյեկտիվ պատճառներ:

Սեւադա Արզումանյանը նշեց, որ դեո չի հաջողվում խաղադաշտ դուրս գալ օպտիմալ կազմով, քանի որ մրցաշրջանի նախապատրաստական փուլում վնասվածքներ ստացան Արտաշես Բաղդասարյանը, Արմեն Տիգրանյանը եւ Կարեն Ալեքսանյանը: Արզումանյանը հույս ունի, որ մինչեւ ապրիլի վերջ վնասվածք ունեցող ֆուտբոլիստները կվերադառնան հիմնական կազմը եւ «Ուլիսը» իր մարտական կազմով կշարունակի ելույթները Հայաստանի ընթացիկ առաջնությունում: