Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փնտրվում է նախագահ

Սպորտ

Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիան ներկայումս փնտրում է նախագահ, որը կհամաձայնի ղեկավարել ֆեդերացիան եւ օժանդակել մարզաձեւի զարգացմանը:

Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Աշոտ Կորկոտյանը «Ա1+»-ին հայտնեց, որ պաշտոնապես նախագահի պաշտոնը շարունակում է զբաղեցնել Լեւոն Աբրահամյանը, սակայն  արտասահմանում բնակվող Աբրահամյանը կամովին որոշել է հեռանալ այդ պաշտոնից:

Առաջիկայում հեծանվասպորտի ֆեդերացիայում  պետք է կայանան նոր ընտրություններ, որտեղ էլ հայտնի է դառնալու նոր նախագահի անունը: Ներկայումս կոնկրետ թեկնածուներ չկան, թեեւ ֆեդերացիան դիմել է մի շարք անձանց:

Աշոտ Կորկոտյանը նշեց, որ Լեւոն Աբրահամյանն եւս փորձում է գտնել նոր նախագահ, որը կշարունակի իր գործը. «Աբրահամյանի գլխավորությամբ հեծանվասպորտը Հայաստանում վերջին տարիներին առաջընթաց է ապրել: Նրա շնորհիվ Հայաստան այցելեց միջազգային ֆեդերացիայի նախագահը, հայ հեծանվորդներին տրամադրվեց գույք, ստեղծվեցին ամուր կապեր: Աշխատանք կատարվել է եւ մեզ անհրաժեշտ է նախագահ, որը կշարունակի Լեւոն Աբրահամյանի գործը»:

Իսկ Աբրահամյանը իր հեռանալը պատճառաբանել է Հայաստանից բացակայելով եւ նման իրավիճակում չի ցանկացել շարունակել գործունեությունը: