Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առանց լեգեոներների

Սպորտ

Հունիսին ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը սկսելու է իր ելույթները «Եվրո-2011»-ի ընտրական փուլում: Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւի գլխավորությամբ հայ ֆուտբոլիստները մինչեւ ամառ կանցկացնեն 2 հավաք:

Առաջին հավաքը նախատեսված է անցկացնել ապրիլի 27-28-ը Երեւանում: Սերիցլեւը նախապատրաստական այս փուլին մասնակցելու է հրավիրել հայկական ակումբներում հանդես եկող 22 ֆուտբոլիստների, իսկ ահա եվրոպական թիմերում հանդես եկող հայ խաղացողները Երեւան չեն ժամանելու: Ներկայումս նրանք շարունակում են իրենց ելույթները արտասահմանյան ակումբներում:

Մասնավորապես Հովհաննես Գոհարյանը հանդես է գալիս բելառուսական ԲԱՏԵ-ում, Հրաչ Յագանը բելգիական «Ստանդարդում», Լեւոն Հայրապետյանը գերմանական «Համբուրգի» երիտասարդական թիմում: Կան նաեւ ֆրանսիական եւ բելգիական ակումբներում հանդես եկող այլ հայ ֆուտբոլիստներ, որոնց մարզիչը մտադիր է հրավիրել երիտասարդական հավաքական:

Իսկ առաջիկա հավաքին հրավիրված 22 խաղացողներից 13-ը ներկայացնում են «Փյունիկը», 5 ֆուտբոլիստ հանդես է գալիս «Բանանցում», 1-ական ներկայացուցիչ ունեն «Իմպուլսը», «Արարատը» եւ «Կիլիկիան»:

Հաջորդ հավաքը Հայաստանի երիտասարդական հավաքականը հավանաբար կանցկացնի մայիսին' արդեն լեգեոներների մասնակցությամբ: Բացի այդ ՀՖՖ-ն ներկայումս փորձում է ընկերական խաղ կազմակերպել հայ երիտասարդների մասնակցությամբ: Սակայն առայժմ  հստակ տեղեկություն չկա:

Հունիսի 5-ին Հայաստանը իր առաջին հանդիպումը անցկացնելու է Շվեյցարիային հյուրընկալվելիս, իսկ հունիսի 9-ին հայ երիտասարդները Երեւանում կմրցեն Թուրքիայի երիտասարդական հավաքականի հետ: Ընտրական փուլում Հայաստանի մրցակիցները կլինեն նաեւ Վրաստանի, Իռլանդիայի եւ Էստոնիայի հավաքականները: