Օրացույց. Ապրիլի 22
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ծնվել են
1968-Իվայլո Յորդանով (բուլղարացի ֆուտբոլիստ)
Բուլղարացի հայտնի ֆուտբոլիստը 1991-2001 թթ. հանդես է եկել պորտուգալական «Սպորտինգում», որի կազմում էլ ավարտեց ֆուտբոլային կարիերան: Բուլղարիայի հավաքականի կազմում անցկացրել է 50 խաղ եւ խփել 3 գնդակ: Մասնակցել է 1994 թ. աշխարհի առաջնությանը, որում Բուլղարիան հասավ մինչեւ կիսաեզրափակիչ:
1976-Միխալ Ժեվլակով (լեհ ֆուտբոլիստ)
Ժեվլակովը Լեհաստանի հավաքականի ավագն է, որի կազմում անցկացրել է 84 հանդիպում եւ խփել 3 գնդակ (2001 թ. գրավել է նաեւ Հայաստանի հավաքականի դարպասը): Փորձառու ֆուտբոլիստը կարիերան սկսել է լեհական «Պոլոնիայում», իսկ 1998-2006 թթ. ելույթ է ունեցել բելգիական թիմերում: 2006 թվականից հանդես է գալիս հունական «Օլիմպիակոսում»: Լեհաստանի կազմում մասնակցել է աշխարհի 2002 եւ 2006 թթ. առաջնություններին, «Եվրո-2008»-ին:
1977-Մարկ վան Բոմել (հոլանդացի ֆուտբոլիստ)
Մյունխենի «Բավարիայի» ավագը Եվրոպայի ամենասկանդալային խաղացողներից մեկն է: Բոմելը հայտնի է ոչ միայն իր խաղային որակներով, այլեւ սուր եւ սկանդալային հայտարարություններով, խաղադաշտում ոչ մարզական պահվածքով: Հոլանդացի կիսապաշտպանը 1999-2005 թթ. ելույթ է ունեցել «Էյնդհովենում», որտեղից էլ տեղափոխվեց կատալոնական «Բարսելոնա»: Իսպանիայում' անցկացնելով 1 մրցաշրջան Մարկը հայտնվեց Մյունխենի «Բավարիայում»: Հոլանդիայի հավաքականի կազմում անցկացրել է 46 խաղ եւ խփել 8 գնդակ:
1979-Զոլտան Գերա (հունգարացի ֆուտբոլիստ)
Հունգարիայի հավաքականի առաջատար խաղացողը 2008 թվականից հանդես է գալիս անգլիական «Ֆուլհեմում»: Հարձակվողական ոճի կիսապաշտպանը նախքան այս 4 մրցաշրջան է անցկացրել մեկ այլ անգլիական թիմում' «Վեսթ Բրոմվիչում»: Հունգարիայի հավաքականի կազմում անցկացրել է 60 խաղ եւ խփել 18 գնդակ:
1986-Վիկտոր Ֆայզուլին (ռուս ֆուտբոլիստ)
Ազգությամբ թաթար կիսապաշտպանը հանդես է գալիս Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» կազմում, որի հետ դարձավ ՈՒԵՖԱ-ի 2007-08 թթ. գավաթակիր, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր եւ Ռուսաստանի գավաթակիր: Հանդես է եկել Ռուսաստանի երիտասարդական եւ պատանեկան հավաքականներում:
1988-Կարեն Խաչատրյան (հայ ֆուտբոլիստ)
Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Վարդան Խաչատրյանի որդին' Կարենը, ներկայումս հանդես է գալիս «Փյունիկիում» եւ հանդիսանում է այս ակումբի մարզադպրոցի սան: 2008 թ. դարձել է Հայաստանի չեմպիոն: Հանդիսանում է երիտասարդական հավաքականի հիմնական կազմի ֆուտբոլիստ, իսկ վերջին շրջանում հրավիրվում է նաեւ Հայաստանի ազգային հավաքական: