Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եզրափակիչի առաջին մասնակիցը

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի 2009 թ. գավաթի խաղարկության առաջին մասնակիցը Երեւանի «Փյունիկն» է: Վարդան Մինասյանի սաները այսօր «Հանրապետական» մարզադաշտում 1:0 հաշվով հաղթեցին «Ուլիսին»:

Կիսաեզրափակիչի պատասխան խաղից առաջ բացահայտ ֆավորիտը «Փյունիկն» էր, որը առաջին խաղում հաղթել էր 3:1 հաշվով: «Ուլիսի» մարզչական շտաբը եւս չէր հավատում վերջնական հաջողությանը, ուստի խաղադաշտ էր դուրս բերել պահեստային մի շարք ֆուտբոլիստների: Իսկ ահա թիմի ռմբարկու Արթուր Քոչարյանը հանգստանում էր:

«Փյունիկը» եւս որոշել էր ոչ մարտական կազմով դուրս գալ խաղադաշտ: Մասնավորապես խաղադաշտում չէր Հենրիխ Մխիթարյանը: Նման իրավիճակում պատահական չէ, որը խաղը անցավ անհետաքրքիր պայքարում: Ողջ առաջին կեսում ստեղծվեց ընդամենը 1 գոլային պահ, որը չիրացրեց «Ուլիսի» հարձակվող Մարտուն Հակոբյանը:

2-րդ կեսում վերջապես արձանագրվեց դարպասի գրավում: 60-րդ րոպեին աչքի ընկավ փոխարինման մտած Միհրան Մանասյանը, որը մեն-մնալով «Ուլիսի» դարպասապահի դեմ` հանգիստ գրավեց դարպասը:

«Փյունիկը» հաղթեց 1:0 հաշվով եւ 2 տարվա ընդմիջումից հետո կրկին իրավունք ստացավ հանդես գալ եզրափակիչում: Չնայած հաղթանակին` «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խաղից հետո դժգոհ էր իր սաների խաղից. «Առաջադրանքը կատարվեց. մենք եզրափակիչում ենք, սակայն խաղի որակը չի գոհացնում: Եթե մենք ուզում ենք առաջադիմել, ապա պետք է կայուն խաղ ցուցադրենք, ինչը ներկայումս բացակայում է մեզ մոտ»:

«Փյունիկը» մայիսի 9-ին կայանալիք եզրափակիչ խաղում հանդիպելու է «Բանանց»-«Միկա» զույգի հաղթողի հետ: «Բանանցը» վաղը «Նաիրի» մարզադաշտում հյուրընկալու է «Միկային»: Այս թիմերի առաջին մրցավեճում գրանցվել է ոչ-ոքի` 1:1: