«Արարատի» «անհայտ» մարզիչը
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլային ակումբներում գլխավոր մարզչի փոփոխությունը մեծ իրադարձություն է, սակայն ոչ Երեւանի «Արարատում»: Հայաստանի ամենահեղինակավոր ակումբի գլխավոր մարզիչը պաշտոնապես Աշոտ Կիրակոսյանն է, սակայն այս մասնագետը չի ղեկավարում թիմի մարզումները:
Վերջին օրերին տարբեր տեղեկություններ էին ստացվում «Արարատի» մարզչական շտաբի վերաբերյալ: «Արարատ» ակումբից որեւէ պաշտոնական տեղեկատվություն Աշոտ Կիրակոսյանի մասին ստանալ չհաջողվեց: Ակումբին մոտ կանգնած աղբյուրից «Ա1+»-ը տեղեկացավ, որ երեկվանից «Արարատի» մարզումները ղեկավարում է Արկադի Անդրեասյանը, թեեւ նա պաշտոնապես չի դարձել «Արարատի» գլխավոր մարզիչ: Իսկ ահա Աշոտ Կիրակոսյանը աշխատանքից չի ազատվել, թեեւ այլեւս չի ղեկավարում ֆուտբոլիստների գործողությունները:
Նման խճճված իրավիճակում էլ «Արարատը» Հայաստանի ընթացիկ առաջնությունում 0 միավորով ընթանում է վերջին հորիզոնականում եւ միակ թիմն է, որը նույնիսկ գնդակ չի խփել մրցակիցների դարպասը: Թիմը առաջիկայում պատրաստվում է համալրվել: Մասնավորապես արդեն «Արարատի» հետ են մարզվում վերջերս «Գանձասարից» հեռացած Ռոմիկ Խաչատրյանը եւ Ալեքսանդր Պետրոսյանը:
Ռոմիկ Խաչատրյանը մինչեւ 2008 թ. հանդիսանում էր Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ, իսկ նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս «Բանանցում»: Նախքան այդ Խաչատրյանը հանդես է եկել մի շարք արտասահմանյան թիմերում: Իսկ Ալեքսանդր Պետրոսյանը «Գանձասարի» 2008 թ. գլխավոր ռմբարկուն էր, իսկ մինչ այդ հանդես էր գալիս «Փյունիկում»: Պետրոսյանը նախկինում հանդես է եկել նաեւ Հայաստանի մինչեւ 17, 19 եւ երիտասարդական հավաքականներում:
Թե Խաչատրյանը, թե Պետրոսյանը առաջիկայում «Արարատին» օգնել չեն կարող: Համաձայն ՀՖՖ կանոնադրության հայկական թիմերում ելույթ ունեցող հայ ֆուտբոլիստները առաջնության ընթացքում կարող են տեղափոխվել ակումբ եւ դուրս գալ խաղադաշտ միայն ամռանը` առաջնության 2-րդ շրջանի ավարտից հետո: Ստացվում է, որ եթե «Արարատի» նորեկները պայմանագիր կնքեն թիմի հետ, ապա խաղադաշտ դուրս կգան միայն օգոստոսին: