Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆեդերացիան առանց նախագահի

Սպորտ

Վերջապես կայացավ Հայաստանի հեծանվասպորտի մրցաշրջանի ավանդական բացումը, որին մասնակցեց 58 մասնակիցներ: Մրցաշրջանի բացումը նախատեսվում էր անցկացնել մարտ ամսին, սակայն եղանակային պայմանների պատճառով մեկնարկը հետաձգվեց 1 ամսով:

Շենգավիթում գործող հեծանվասպորտի մարզադպրոցի տնօրեն Ալբերտ Սոլոյանը «Ա1+»-ին հայտնեց, որ մրցաշարին մասնակցել են պատանիներ, երիտասարդներ եւ մեծահասակներ, որոնք ներկայացրել են Երեւանը, Մասիսը, Աբովյանը եւ Վանաձորը:

Այժմ հայ մարզիկները նախապատրաստվում են մայիսի 8-ին Իրանում մեկնարկելիք «Պրեզիդենտ տուր» միջազգային մրցաշարին, որտեղ Հայաստանը կունենա 5 ներկայացուցիչ: Այս մրցաշարի ավարտից հետո նախատեսվում է անցկացնել Հայաստանի խճուղային հեծանվասպորտի առաջնությունը: Ավելի ուշ կկայանա նաեւ հեծանվահրապարակային առաջնությունը:

Տարվա գլխավոր իրադարձությունը հայ հեծանվորդների համար կլինի օգոստոսին Մոսկվայում կայանալիք աշխարհի առաջնությունը: Այստեղ Հայաստանը կունենա 2 ներկայացուցիչ: Ֆինանսական սուղ հնարավորությունների պատճառով ընդամենը 1-ական հայ հեծանվորդներ հանդես կգան խճուղային եւ հեծանվահրապարակային մրցումներում:

Ի դեպ, «Ա1+»-ի տեղեկություններով` վերջին շրջանում Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Աբրահամյանը հրաժարական է տվել: Վերջին տարիներին Աբրահամյանը հիմնական բնակվում է արտասահմանում եւ վերջնականապես հրաժարվել է ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: Այժմ հեծանվասպորտի ֆեդերացիայում փնտրում են նոր նախագահը, որից ակնկալում են նաեւ որոշակի օժանդակություն մարզաձեւը զարգացնելու համար: