Ուղեգրերի պայքարը սկսվում է
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 23-ին Թբիլիսիում մեկնարկում է ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը այս տարի կներկայացնեն 5 ձյուդոիստներ, որոնցից հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Գեւորգյանը մեդալի ակնկալիք ունի:
Մարզիչը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ նախապատրաստական փուլից գոհ է եւ կարծում է, որ Հայաստանի ներկայացուցիչները կարող են լավ արդյունքի հասնել հարեւան երկրում կայանալիք առաջնությունում: Ասպարեզ են դուրս գալու 60 կգ Հովհաննես Դավթյանը, 66 կգ Արմեն Նազարյանը, 73 կգ Ռոբերտ Վարդանյանը, 90 կգ Հակոբ Առաքելյանը, իսկ 52 կգ Անուշ Հակոբյանը ելույթ կունենա կանանց պայքարում:
Հովհաննես Դավթյանը եւ Արմեն Նազարյանը Եվրոպայի առաջնություններում հաջող հանդես գալու փորձ ունեն: Մասնավորապես Արմեն Նազարյանը կարողացել է արժանանալ ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալների, իսկ Դավթյանը 2007 թ. դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն: Մյուս մարզիկները նախկինում մրցանակակիրներ են դարձել երիտասարդների Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում:
Արթուր Գեւորգյանը հայտնեց նաեւ, որ Եվրոպայի եւ Աշխարհի առաջնությունները, Աշխարհի գավաթի խաղարկությունները, Գրան-պրի մրցաշարերը եւ «Մեծ սաղավարտի» խաղարկությունները լինելու են վարկանիշային, որոնց արդյունքում որոշվելու են 2012 թ. Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի մասնակիցները:
«Այժմ վարկանիշ ձեռք բերելու պայքարը սկսում են 5 ձյուդոիստներ, սակայն դա չի նշանակում, թե միայն նրանք իրավունք ունեն ուղեգրի համար պայքարել: Կան նաեւ 2-րդ կազմում ընդգրկված մարզիկներ, որոնք առաջիկա տարիներին կարող են հասնել հաջողության»,-ասաց Արթուր Գեւորգյանը:
Սպասվում է, որ Եվրոպայի առաջիկա առաջնությանը կմասնակցնեն եվրոպական բոլոր առաջատար երկրները: Արթուր Գեւորգյանը կարծում է, որ Թբիլիսի կժամանեն Եվրոպայի բոլոր ուժեղագույն ձյուդոիստները. «Իհարկե, լինում են դեպքեր, երբ առաջատար երկրները 1-2 մարզիկի հիմնական կազմում են ընդգրկում` պահելով նրանց աշխարհի առաջնությանը: Սակայն ընդհանուր առմամբ եվրոպական երկրները հանդես կգան հիմնական կազմերով»:
Ի դեպ, Արթուր Գեւորգյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը առաջին անգամ ելույթ կունենա Եվրոպայի առաջնությունում: Նախորդ առաջնությունում Հայաստանը մեդալի չի արժանացել: