Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հատիսը» վերածնվում է

Սպորտ

Մեկնարկում է բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները: Այսօր պայքարի մեջ կմտնեն կանայք, իսկ վաղը' տղամարդիկ:

Տղամարդկանց պայքարում ելույթ կունենան 6 թիմեր: Չեմպիոնության համար կպայքարեն Երեւանի «Պոլիտեխնիկը», «Հատիսը», «Սփյուռքը», «Արաբկիր-ՖԻՄԱ»-ն, Լեռնային Ղարաբաղի «Արցախը» եւ Գյումրիի համանուն թիմերը: Երկարատեւ ընդմիջումից հետո վերածնվել է «Հատիսը»: Այս ակումբի մասին մանրամասներ հայտնի կդառնան առաջիկայում: Հիշեցնենք միայն, որ «Հատիսը» եւս մեկ անգամ վերածնվել էր 1990-ականների վերջին, սակայն 21-րդ տարի սկզբում դարձյալ լուծարվեց:

Առաջնության նորեկն է «Սփյուռքը», որի կազմում հանդես են գալու Հայաստանում բնակվող սփուռքահայ մի շարք բասկետբոլիստներ:

Կանանց պայքարում եւս ելույթ են ունենալու 6 թիմեր: Գյումրին դարձյալ ներկայացված է 2 թիմերով' ԳՄՀ-ն եւ «Գյումրին»: ԳՄԻ-ին' Գյումրու մանկավարժական համալսարանը հանդիսանում է Հայաստանի գործող չեմպիոն: Երեւանից հանդես կգան «Աջեռան», «Հատիսը» եւ «Գրանդ Քենդին»: Կանանց թիմ կունենա նաեւ Լեռնային Ղարաբաղը, որը հանդես կգա «Արցախ» անունով:

Նկատենք, որ «Հատիսի» կանանց թիմը ԽՍՀՄ փլուզումից հետո հանդես չէր եկել Հայաստանի առաջնություններում:

Առաջնության մասնակիցները առաջիկա ամիսներին կպայքարեն 4 շրջանով, որից հետո հայտնի կդառնան մրցանակակիրները: Առաջին 4 հորիզոնականներում հայտնված թիմերը իրավունք են ստանալու նաեւ տարեվերջում պայքարել Հայաստանի գավաթի համար: