Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բերեզվոսկին' հիմնական կազմից դուրս

Սպորտ

Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրում մերձմոսկովյան «Խիմկին» սեփական հարկի տակ 0:3 հաշվով պարտվեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին: Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին առաջին անգամ ընդգրկված չէր «Խիմկիի» հիմնական կազմում:

Ռոմանի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Դմիտրի Բորոդինը, որին մրցաշրջանի մեկնարկից առաջ հրավիրել էր «Խիմկիի» գլխավոր մարզիչ Կոնստանտին Սարսանիան: ԲԿՄԱ-ի հետ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Բարսեղ Կիրակոսյանը, որը վերջին խաղերում հայտնվում է «Խիմկիի» հիմնական կազմում: Բերեզովսկու եւ Կիրակոսյանի թիմը 5-րդ տուրից հետո 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Ուկրաինայի առաջնության 24-րդ տուրի կենտրոնական խաղում մրցեցին Դոնեցկի 2 ակումբներ' «Մետալուրգը» եւ «Շախտյորը»: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արարատ Առաքելյանը ընդգրկված էր «Մետալուրգի» հիմնական կազմում, սակայն փոխարինվեց 57-րդ րոպեին: «Մետալուրգը» զիջեց 1:2 հաշվով:

Ռումինիայի առաջնության 25-րդ տուրում «Տիմիշոարան» 3:4 հաշվով հյուրընկալվելիս զիջեց «Վասլուին»: Արտավազդ Քարամյանը 67-րդ րոպեին «Տիմիշոարայի» կազմում դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ:

Բելառուսի առաջնության 2-րդ տուրում Բորիսովի ԲԱՏԵ-ն սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության է հասել «Սմարգոնի» նկատմամբ: Հովհաննես Գոհարյանը ԲԱՏԵ-ի կազմում փոխարինման է դուրս եկել 86-րդ րոպեին եւ մինչեւ խաղավարտ հասցրել է վտանգավոր հարված կատարել մրցակցի դարպասին:

Բելգիայի առաջնության 30-րդ տուրում Լիեժի «Ստանդարդը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով առավելության հասավ «Մուսքրոնի» նկատմամբ: «Ստանդարդի» կազմում 2-րդ կեսում փոխարինման դուրս եկավ Հայաստանի հավաքականի անդամ Հրաչ Յագանը: Առաջնության ավարտից 4 տուր առաջ «Ստանդարդը» 67 միավորով ընթանում է 2-րդ հորիզոնականում: