Առաջին պարտությունը
Աջակցիր «Ա1+»-ինԽորվաթ մարզիչ Իվո Շուշակի գլխավորությամբ Երեւանի «Միկան» առաջին պարտությունը կրեց Հայաստանի առաջնությունում: «Նարնջագույնները» սեփական հարկի տակ 2:3 հաշվով զիջեցին «Բանանցին»:
Հայաստանի 2009 թ. բարձրագույն խմբի առաջնության 4-րդ տուրի խաղում «Միկան» արդեն 3-րդ րոպեին գնդակ ընդունեց սեփական դարպասը: 55-րդ րոպեին Արամ Ոսկանյանին հաջողվեց հավասարեցնել հաշիվը, սակայն 13 րոպե անց Արսեն Բալաբեկյանը կրկին առաջ մղեց «Բանանցին»: 79-րդ րոպեին Սամվել Մելքոնյանը 3-րդ գնդակը ուղարկեց «Միկայի» դարպասը: Վերջինիս կազմում 85-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց Արամ Ոսկանյանը' խփելով իր 2-րդ գնդակը այս խաղում:
Այսպիսով,Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը 4-րդ տուրից հետո վստահորեն գլխավորում է չեմպիոն «Փյունիկը», որը առայժմ միավոր չի կորցրել: Դեռ ավելին, Վարդան Մինասյանի սաները գնդակ էլ չեն ընդունել սեփական դարպասը, իսկ մրցակիցների դարպասը գրավել են 7 անգամ: 9-ական միավոր են վաստակել «Բանանցը», «Միկան» եւ «Ուլիսը», որոնք ընթանում են 2-4-րդ հորիզոնականներում: Նախորդ առաջնության ետնապահ «Կիլիկիան» արդեն 6 միավոր ունի իր ակտիվում եւ ընթանում է 5-րդ հորիզոնականում: Համեմատության համար նշենք, որ նախորդ առաջնության առաջին 6 տուրերից հետո «Կիլիկիան» միավոր չէր վաստակել:
Առայժմ միավոր չեն վաստակել նախորդ առաջնության արծաթե եւ բրոնզե մեդալակիրները' «Արարատը» եւ «Գանձասարը»: Այս թիմերի անհաջող մեկնարկը մտահոգվելու լուրջ առիթ է տալիս, քանի որ 2 թիմերն էլ ամռանը Հայաստանի ներկայացնելու են ՈՒԵՖԱ-ի գավաթի նոր խաղարկությունում:
Նկատենք, որ Հայաստանի ընթացիկ առաջնությունում կայացած 16 խաղերում առայժմ չի գրանցվել ոչ մի խաղաղ ելք: Միաժամանակ գրանցվել է ընդամենը 2 խոշոր հաշիվ:
Ռմբարկուների պայքարում առայժմ 4-ական գնդակ են խփել «Ուլիսի» հարձակվող Արթուր Քոչարյանը եւ «Միկայի» կոտդիվուարցի լեգեոներ Բոտի Դեմելը: