Հակոբյանի առաջին հաղթանակը
Աջակցիր «Ա1+»-ինՆալչիկում շարունակվում է ՖԻԴԵ-ի Գրան-պրի 4-րդ մրցաշարը, որտեղ արդեն կայացել են 5-րդ տուրի հանդիպումները:
Հաղթողի կոչման համար պայքարող Լեւոն Արոնյանը 5-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Եվգենի Ալեքսեեւի հետ: 4-րդ տուրում Լեւոնը կես միավոր էր վաստակել նաեւ Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիշչուկի հետ պայքարում: Այժմ Արոնյանը 3 միավորով ընթանում է 2-5-րդ տեղերում: 3-ական միավոր են վաստակել նաեւ Սերգեյ Կարյակինը (Ուկրաինա), Պետեր Լեկոն (Հունգարիա) եւ Եվգենի Ալեքսեեւը (Ռուսաստան): Իսկ մրցաշարային աղյուսակը 3.5 միավորով գլխավորում է Գրիշչուկը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչը' Վլադիմիր Հակոբյանը, իր առաջին հաղթանակը տոնեց մրցաշարում: Հակոբյանը սեւերով պարտության մատնեց Գատա Կամսկուն (ԱՄՆ): Այս հաղթանակը թույլ տվեց Վլադիմիրին հեռանալ վերջին հորիզոնականից եւ 2 միավորով հանգրվանել 12-րդ տեղում: Անսպասելիորեն մրցաշարային աղյուսակը 1.5 միավորով եզրափակում է մրցաշարի ֆավորիտներից մեկը' Վասիլի Իվանչուկը: Ուկրաինացի գրոսմայստերը 5-րդ տուրում սեւերով պարտվեց Ռուստամ Կասիմջանովին (Ուզբեկստան):
6-րդ տուրում Արոնյանը սպիտակներով մրցելու է հենց Իվանչուկի հետ, իսկ Վլադիմիր Հակոբյանը դարձյալ սեւերով կհանդիպի մեկ այլ ուկրաինացի գրոսմայստերի' Սերգեյ Կարյակինի հետ: