Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատի» 9-րդ պարտությունը

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում այսօր կայացան 4-րդ տուրի հանդիպումները: Աբովյանում «Արարատը» հյուրընկալել էր չեմպիոն «Փյունիկին»:

Ընթացիկ մրցաշրջանում խիստ անհաջող հանդես եկող «Արարատը» հերթական պարտությունը կրեց: Այս անգամ արարատցիները զիջեցին 0:2 հաշվով: «Փյունիկի» կազմում աչքի ընկան Արթուր Եդիգարյանը եւ Միհրան Մանասյանը: Այս հաղթանակից հետո «Փյունիկը» 12 միավորով դարձավ միանձնյա առաջատար:
Իսկ «Արարատը» 2009 թ. ընթացքում անցկացրած պաշտոնական խաղերում կրեց 9-րդ անընդմեջ պարտությունը: Հայաստանի 2008 թ. փոխչեմպիոնը առայժմ ոչ մի գնդակ չի խփել Հայաստանի ընթացիկ առաջնությունում:

Հերթական պարտությունը կրեց նաեւ Հայաստանի 2009 թ. առաջնության բրոնզե մեդալակիր «Գանձասարը», որը «Հրազդան» մարզադաշտում 1:2 հաշվով պարտվեց ետնապահ «Կիլիկիային»: Կապանցիների կազմում հաշիվը 40-րդ րոպեին բացեց Արսեն Ավետիսյանը, սակայն 2-րդ կեսում «Կիլիկիան» 2 անպատասխան գնդակ ուղարկեց հյուրերի դարպասը: Տանտերերի կազմում հաղթական գնդակը խփեց թիմի նորեկ Տիգրան Ղարաբաղցյանը:

«Ուլիսը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով առավելության հասավ Գյումրիի «Շիրակի» նկատմամբ: 2 անգամ աչքի ընկավ Արթուր Քոչարյանը:

4-րդ տուրի վերջին խաղում «Միկան» վաղը սեփական հարկի տակ մրցելու է «Բանանցի» հետ»: Հաղթանակի դեպքում «Միկան» կհավասարվի առաջատար «Փյունիկին»: